ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության

պատգամավոր

Անցած կիրակի Ավանում եւ Նոր Նորքի 1-ին ու 2-րդ զանգվածները ներառող թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր էինք ընտրում: Անցած կիրակի մեր երազած Հայաստանից մի փոքր էլ կորցրինք: Էլի հույս կորցրինք: Այն հավատից էլ կորցրինք, որ այդպես լիուլի առաջարկվում էր փոխելու համար: Էլի շատ բան կորցրինք: 

Ազգային ժողովը կորցրեց հնարավորություն` ունենալու պատգամավոր, ով միջազգային ցանկացած ամբիոնից հողին կհավասարեցներ մեր ազգային շահերի դեմ դուրս եկող յուրաքանչյուր ստահակի և նույն եռանդով էլ դուրս կգար մեր ներքին ամրությունը հյուծող չարիքների ու անընդունելի երևույթների դեմ: Ազգային ժողովը կորցրեց հնարավորությունը ունենալու պատգամավոր, ով իսկապես ժողովրդական կլիներ և ով իսկապես կաշխատեր հանուն «պառլամենտ» կոչվող ինստիտուտի կայացման: 

Հնարավորություն կար նոր պատգամավոր ունենալ: Եվ ստեղծված իրավիճակը հնարավորություն էր թե’ իշխանության, թե’ ընդդիմության համար: Իշխանությունն իր խնդիրը լուծեց՝ նպաստելով ընտրական գործընթացի հանդեպ հանրության ապատիայի խորացմանը: 

Ընդդիմադիր դաշտն էլ մեծամասամբ պասիվ էր. միասնական շտաբ, տեսախցիկներ, համատեղ պայքար իշխանական թեկնածուի դեմ, իհարկե, չկար:

Պարզվեց, որ ավելորդ շքեղություն է նաև թեկնածուի խոսքն իր ընտրողներին: Հիմա արդեն փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է մեծամասնական ընտրակարգով ընտրվել ԱԺ պատգամավոր՝ առանց գեթ մեկ անգամ ելույթ ունենալու կամ հարցազրույց տալու, առանց բնակիչներին հանդիպելու ու բաց քարոզարշավ անցկացնելու, առանց որևէ նախընտրական ծրագիր ներկայացնելու: Չգիտես ինչու, մեզ միշտ թվում էր, թե մեծամասնական համակարգը հստակ աշխատանք է պահանջում տեղամասի բնակիչների հետ: Փաստորեն լրիվ անտեղյակ ենք եղել գործից: Կամ չենք հասկացել` ինչ ասել է աշխատանք բնակչի հետ:

Հիմա հարց է առաջանում. նպաստեցի՞նք նման ընտրություններով մեր երկրի զարգացմանը կամ ժողովրդավարացմանը: Ո՛չ իհարկե: Ուղիղ հակառակը. խորացրեցինք անտարբերությունը, հիասթափությունն ու անհաղորդ վերաբերմունքը: Սա՞ է բնականոն ճանապարհը: Վստահ եմ, որ սա բնականոն ճանապարհը չէ: Ու հավատում եմ, որ Ստեփան Սաֆարյանը շարունակելու է գործել և գործելու է կրկնակի եռանդով, ու նման մարդկանց չհուսահատվելով, միավորվելով ու պայքարով է, որ ինչ-որ պահի ինչ-որ բան իսկապես փոխվելու է: Հաստատ փոխվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել