Այսօր «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Այո, Վահանը դավաճան է, բայց եկեք նայենք, թե ով ստիպեց նրան գնալ այդ քայլին...»: Կներեք, բայց սա իմ գլխում չի տեղավորվում: Դավաճանությունն արդարացում չունի, իսկ, եթե անգամ, Վահան Բակինսկուն «ստիպող է» եղել, թող իր հարցերը լուծեր օրենքի շրջանակներում:

Փորձեց, ու չստացվե՞ց։ Կներեք, բայց թող մի տարա բենզին վերցներ ու գնար, «ստիպողի» տունը վառեր կամ, ասենք, ավտոմատ վերցներ...

Հիմա կասեք՝ բա մանկահասակ երեխա՞ն։ Իսկ Արցախում քանի՞ զոհվածի երեխա անհեր մեծացավ։ Թե՞ Վահան Բակինսկու լամուկն աշխարհում ամենալավն է։

Անշուշտ, ես չէ, որ Արաբոյի Մանվելին պետք է բացատրեմ, թե հայրենիքն ինչ է, ու որ այն չի դավաճանվում ոչ մի դեպքում ու ոչ մի պարագայում... Ինձ միայն թույլ կտամ պարոն Եղիազարյանին մի բան ասել. Հրամանատար, հիշում եք, չէ՞, 1992-ի հունիսին Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերը, երբ 79 հայ մարտիկներ, այդ թվում` Ձեր ջոկատից, զոհվեցին: Տարիներ հետո ադրբեջանցիները հրապարակեցին տեսանյութ, որտեղ երևում են զոհված տղերքի դիակները, ինչի առիթով Դուք ասացիք, որ տղաները զոհվել են հերոսի նման, կռվել են մինչև վերջին փամփուշտը: Նրանց վրա հարձակվել են առջևից, աջից ու ձախից: Նրանք կարող էին փախչել կամ անձնատուր լինել, բայց կանգնել են մինչև վերջ ու սպանվել են:

Արաբոյի Մանվել, Ձեր ջոկատի տղաները չդավաճանեցին, նրանք նույնիսկ չհանձնվեցին, նրանք չփախան... Նրանք մեր հերոս տղերքն են, ու նրանց օրինակով սերունդներ են դաստիարակվում` ինչպես Թերմոպիլյան կիրճում Լեոնիդաս թագավորի ու նրա 300 սպարտացիների պատմությունը...
Արաբոյի Մանվել, թեկուզ միայն Ձեր տղաների հիշատակի համար շան տղու դավաճանության պատճառ մի՛ փնտրեք!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել