«Ֆրաեր» բառը առաջացել է հին գերմանական Freier բառից, որը սկզբնապես նշանակել է ազատ մարդ, նաև փեսացու, այսինքն ազատ երիտասարդ, որին աղջիկները նայում են մուշտարու աչքով: Որից հետո բառը տրանսֆորմացիայի է ենթարկվել և ձեռք է բերել երկրորդ իմաստը` հասարակաց տան հաճախորդ: Հետո բառը մուտք է գործել իդիշ: Օդեսայի կրիմինալ կյանքով ապրող հրեաներն այն սկսել են օգտագործել ոչ քրեկան կյանքով ապրող մարդանց բնութագրելու համար, որոնք, բնականաբար, իրենց պոտենցիալ զոհերն էին: «Հարիֆը» «Ֆրաերի» հայկական թարգմանությունն է, սովետական շրջանում բառի արևելյան բավանդությունը տրանսֆորմացվեց գուլագների և դատապարտյալների պահման վայրերում աստիճանակարգերը բնութագրելու համար:

Հիմա վերադառնանք Հայաստանի քաղաքական գործընթացներին: Հայաստանի քաղաքական կյանքը նույնպես ունի իր ուրույն կանոնները, որոնք ձևավորվել են վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Բացի քաղաքական գործիչներից կան ֆրաերներ` հարիֆներ, որոնք այդ կյանքով չեն ապրում և ծանոթ չեն այդ կյանքի նրբերանգներին: Ֆրաերները պետք են միտինգներին, երթերին մասնակցելու համար և դրանով սպասարկում են քաղաքական կյանքով ապրող անձանց շահերը: Քաղաքական կյանքով ապրող անձինք ունեն իրենց աստիճանակարգերը` իշխանություն և ընդդիմություն: Երկու կարգերի համար էլ դա մասնագիտական գործունեության տեսակ է:
Ընդդիմադիրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է, որ ֆրաերները իրենց ընդունեն որպես այդպիսին, ինչն այնքան էլ հեշտ գործ չի: Դրա համար պետք է պարբերաբար Խիպիշներ` սկանդալներ սարքել, որի ժամանակ իշխանությունից դուրս գտնվողները ֆրաերների շրջանում վերահաստատում են իրենց ընդդիմադիրի կարգավաճակը և մտնում հարաբերությունների մեջ Իշխանության` Ադմինիստրացիայի հետ: 
Բնականաբար, Ընդդիմադիրները կնքված պայմանագիր չունեն Ադմինիստրացիայի հետ հավերժ իրենց կարգավիճակով ապրելու համար, ինչի համար երբեմն փորձում են իրական Խիպիշներ` սկանդալներ կազմակերպել: Դրա համար կան հատուկ օրեր` ընտրություններ, լինում են նաև արտակարգ իրավիճակներ: Նման իրավիճակներում Ադմինիստրացիան Շմոններ է կազմակերպում, որի ժամանակ հիմնականում տուժում են ֆրաերները: Ինչու, որովհետև Ընդդիմադիրները մի կարևոր գործառույթ են իրականացնում, առանց որի ֆրաերները Ադմինիստրացիայի համար կարող են անկառավարելի դառնալ: Դա արդեն վտանգավոր է ողջ համակարգի համար:
Խնդիրը հետևյալն է` Ֆրաերները չպետք է դուրս գան վերահսկողությունից և պետք է միշտ համախմբվեն Ըննդիմության շուրջը և դրանով դառնան վերահսկելի Ադմինիստրացիայի համար: Բնականաբար` Ընդդիմադիրները նույնպես ունեն իրենց դիվիդենտները` լավ կեր, լավ կամեռա, տեղեր խորհրդարանում և այլն: Սակայն Ադմինիստրացիան լավ է հասկանում, որ Ըննդիմադիրներին նույնպես պետք է միշտ վերահսկել և ունեցածից ավելիի չպետք է հավակնեն և դրա համար վերահսկողությունից դուրս եկեծներին կարգազրկում են և իջեցվում ֆրաերի կարգավիճակին, իսկ օրինակելի պահվածք, սակայն ֆրաերների մոտ արդեն «ծակված» անձանց ապահովում են սոցիալական նպաստներով` անգամ պատգամավորի մանդատ են նվիրում:
Ադմինիստրացիայի նպատակը այն է, որ Ընդդիմադիրները և նրանց կողմից ոգեշնչված ֆրաերները միշտ գործեն իրենց տրամաբանության շրջանակում: Որի ամենակարևոր գործառույթն է ֆրաերներին տանել ընտրատեամասեր և այնքան էլ կարևոր չէ, թե իրենք ինչպես կքվեարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել