Картинки по запросу սահմանադրությունՆախագահակա՞ն, թե՞ պառլամենտական. ա՛յս է խնդիրը…

Կամ ինչպես և ումով լուծել պետության կարևորագույն հարցերը…

Նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող պետություններում առկա է ժողովրդավարական օրինակարգություն ունեցող երկու ինստիտուտ` նախագահը և խորհրդարանը:
Թեև Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին այդպիսի խնդիր չի առաջացել (բացառություն կարող է կազմել միայն 1998թ. փետրվարյան ժամանակաշրջանը, երբ պառլամենտի նախագահամետ մեծամասնությունը մեկ օրվա ընթացքում փոխեց իր քաղաքական օրիենտացիան, սակայն նշվածը բոլորովին այլ հարթության վրա քննարկվող նյութ է), այդուհանդերձ, հիպոթետիկ առումով, եթե խորհրադարանի մեծամասնությունը որևէ սկզբունքային հարցի վերաբերյալ ցուցաբերի այլ մոտեցում, քան նախագահը, ապա հարց է առաջանում, թե այդ երկու ինստիտուտներից ո՞վ է ավելի շատ օրինակարգված խոսելու ժողովրդի անունից՝ նախագա՞հը, թե՞ խորհրդարանը: 
Գործող իրավակարգավորումների շրջանակում Հանրապետության նախագահը ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն:
Ի դեպ, սահմանադրության 74.1-րդ հոդվածով հստակորեն ամրագրված են կոնկրետ դեպքեր, երբ նախագահը կարող է արձակել Ազգային Ժողովը:
Իսկ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել միայն պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Մեր քննարկման նյութում խոսքը բոլորովին այլ խնդրի մասին է:
Պայմանականորեն, եթե Արցախի խնդրի կարգավորման շուրջ նախագահն ունենա այլ պատկերացում, իսկ Ազգային Ժողովը` այլ, նրանցից ո՞վ է ավելի շատ օրինակարգված խոսելու ժողովրդի անունից: Պարզ ասած, ո՞վ ավելի շատ իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից, եթե երկուսն էլ ընտրվել են նույն ժողովրդի կողմից…
Մեծ հաշվով, գործող սահմանադրությունը պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի քաղաքական անհամաձայնությունն այս դեպքում:
Համաձայնե՛ք, սա այն դեպքը չէ, որ նախագահը մեղադրվի պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար, կամ պառլամենտը կատարած չլինի սահմանադրության 74.1-ի պահանջները, որը հիմք կտա նախագահին լուծարելու այն և ըստ էության կարգավորելու կոնֆլիկտը:
Խոսքը գնում է երկու ինստիտուտների կողմից առանցքային հարցի կամ հարցերի շուրջ սկզբունքային անհամաձայնության մասին, իսկ դա ոչ դավաճանություն է, ոչ էլ պարտականությունների չկատարում: Դա ընդամենը հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումների առկայություն է…
Կլուծվի՞ խնդիրը կառավարման համակարգի փոփոխությունից հետո, ցույց կտա ժամանակը: 
Այդուհանդերձ, անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքը.
Թեև խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում այդպիսի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ միայն օրենսդիր մարմինն է ուղղակիորեն ընտրվում ժողովրդի կողմից, և գործադիրը մեծ հաշվով կախված է լինելու խորհրդարանի վստահությունից, այնուամենայնիվ, նկատի ունենալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի միջոցով օրենսդիր մարմնի ընտրության հանգամանքը, լրջագույն ռիսկային գործոն է հանդիսանալու դեռևս չզարգացած, ես կասեի` չկայացած կուսակցությունների միջոցով պառլամենտ ներթափանցող կասկածելի հեղինակություն ունեցող անձանց և օլիգարխների լուծման տիրույթ թողնել երկրի առանցքային հարցերը, մանավանդ որ այդ մարդիկ պառլամենտ են թափանցելու բացառապես իրենց անձնական շահերը սպասարկելու նպատակով: Իսկ որ այդպիսի մարդիկ լինելու են, գոնե ես չեմ կասկածում…
Ուզենք թե չուզենք, պետք է խոստովանենք, որ Հայաստանի քաղաքական համակարգը, ցավոք սրտի, կայացած չէ, չունի անհրաժեշտ քաղաքական փորձառություն, ավելին` կուսակցությունների զարգացումը սոցիալապես ծանր պայմաններում գտնվող երկրում, որտեղ շրջում է պատերազմի ու խաղաղության ուրվականը, գտնվում է ամենաստորին սանդղակում…
Ի՞նչ կլինի հետո, անգամ ամենալավատես մարդիկ են խուսափում այս հարցին կոնկրետ պատասխանելուց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել