Tert.am-ը գրում է.
Այսօր Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը նորից կփորձի հանդես գալ «խաղաղարարի» դերում, թեպետ չի բացառվում, որ եթե պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, ոչինչ չանի, որ կանխի հնարավոր սպառնալիքները:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ հանդիպման օրակարգում երկու հարց է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորում և ինչ-որ վարկի կամ ԵՏՄ-ին առնչվող ինչ-ինչ հարցեր՝ դատելով նրանից, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
«Քանի որ Լավրովը Բաքվում մանրամասն բանակցել է այդ հարցով Ադրբեջանի Նախագահի հետ, պարզ է, որ որոշակի մեսիջներ կան, որոնք պետք է համաձայնեցվի Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Աղասի Ենոքյանի մեկնաբանությամբ՝ նախորդ տարի օգոստոսյան լարվածությունից հետո և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների՝ Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը լարել էր իրավիճակը սահմանի վրա, որպեսզի ինքը հանդես գա որպես խաղաղարար:
«Կարծում եմ`այս անգամ էլ նման կերպ հանդես կգա, ցույց կտա, որ իր միջոցով է, որ կանխվում է պատերազմը: Կամ, հակառակը, եթե հայկական կողմը ինչ-ինչ համաձայնության»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնա քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:



