Հայ ֆուտբոլիստների միջազգային առաջին խաղը... Փաստագրված է, որ միջազգային իր առաջին հանդիպումը Հայաստանի (Հայկական ԽՍՀ) հավաքականն անց է կացրել Երևանում 1930 թ. սեպտեմբերի 21-ին` Գերմանիայի բանվորական միության ֆուտբոլի հավաքականի հետ: Խաղը, որին հետևում էր շուրջ 3000 հանդիսատես, կայացել է Երևանի Ֆիզկուլտուրայի խորհրդի ֆուտբոլի խաղադաշտում (ներկայիս «Սպարտակ» մարզադաշտ` կրկեսի շենքի դիմաց) և ավարտվել գերմանացիների հաղթանակով` 3-1 հաշվով: Այդ հանդիպումը մեծ իրադարձություն դարձավ Հայաստանի մարզական կյանքում` նույնիսկ դրա առթիվ հատուկ հուշամեդալ էր պատրաստվել (նկարում): Մեր մարզիկներից միակ գոլը խփեց հարձակվող Պարույր Հարոյանը, որն էլ դարձավ միջազգային խաղերում հայ ֆուտբոլիստների կողմից խփած առաջին գոլի հեղինակը (այդ խաղից առաջ հայ ֆուտբոլիստներին պատկերող նկարում` աջից երկրորդը):



