Տաք ջերմաստիճանը կպահպանվի մինչև սեպտեմբերի 15-ը. Գագիկ ՍուրենյանTert.am-ը գրում է.

Հանրապետության տարածքը գտնվում է հարավից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ տաք օդային զանգվածների ազդեցությունը կպահպանվի մինչև սեպտեմբերի 15-ը, ամենատաք օրերը կլինեն սեպտեմբերի 11-13-ը, երբ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում ցերեկը կգրանցվի մինչև +35...+36 աստիճան տաքություն:

«35-36 աստիճան տաքությունը նորմա է հուլիս-օգոստոս ամիսների համար: Սեպտեմբերին նման բարձր ջերմաստիճան գրանցվում է միջինը 5 տարին մեկ անգամ: Սա բացառիկ երևույթ չի կարելի համարել: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը բարձրանում է»,-ասաց Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Նա նշեց, որ տեղումների հավանականությունը մեծ է հատկապես լեռնային շրջաններում, մյուս գոտիներում երեկոյան ժամերին կնկատվի ամպամածության ավելացում, ամպրոպ սակայն լուրջ տեղումներ չեն կանխատեսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել