Դարեր շարունակ Սթոունհենջը շփոթեցրել է հնագետներին ու այցելուներին, շարժել նրանց հետաքրքրությունը։
Իսկ այժմ գիտնականները ցնցվել են՝ նախապատմական մեկ այլ առեղծվածային հսկայական հուշարձան հայտնաբերելով, որը տարիներ շարունակ աննկատ է մնացել, չնայած այն ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում մեզ արդեն ծանոթ Սթոունհենջից։

Մասնագետների հայտնաբերած հսկայական քարերի շարքն ավելի քան 4500 տարվա հնություն ունեն։
Սթոունհենջի շրջակայքը լի է նախապատմական վայրերով, սակայն 90 կամ ավելի քարերը, որոնք գտնվում են գետնի տակ՝ մոտ 1 մետր խորության վրա, միայն վերջերս են հայտնաբերվել քառանիվ հեծանիվներին ամրացրած բարդ տեղորոշիչ սարքերի շնորհիվ։
Գետնի տակ թաղված այս քարերից յուրաքանչյուրը մինչև 10 մետր բարձրություն ունի։ Սթոունհենջի նման շրջանաձև դասավորված լինելու փոխարեն դրանք դասավորված են «C» տառի տեսքով։

Սա Եվրոպայի ամենախոշոր քարե հուշարձաններից մեկն է, և այն մեր քթի տակ է եղել ավելի քան 4000 տարի։
Այս մասին նշել է Բրեդֆորդի համալսարանի պրոֆեսոր, հնագիտական հետազոտության թիմի անդամ Վինս Գաֆնին։
Չենք կարծում, թե աշխարհի որևէ ծայրում սրա նման որևէ այլ բան կա։ Սա բոլորովին նոր է, և սրա մասշտաբները յուրահատուկ են։
Մասնագետները ենթադրում են, որ այն ինչ-որ ծիսակատարությունների իրականացման վայր էր։
Ովքե՞ր են տեղադրել դրանք, և արդյո՞ք այն Սթոունհենջին մրցակից վայր էր, թե՞ նույն սուրբ վայրերի համալիրի մաս էր կազմում։ Հսկայական քարերը, որոնք դեռևս չեն հանվել գետնի տակից, ենթադրվում է, որ Սթոունհենջի ավազաքարերից են։
![]() |
![]() |
Պրոֆեսոր Գաֆնին հավատացած է, որ քարերը տեղադրվել են Սթոունհենջը կառուցած մարդկանց կողմից, սակայն կասկած է հայտնում այս երկու հուշարձանների՝ միմյանց հետ կապված լինելու մասին։
Ինչի համար են նախատեսված եղել քարերը, և ինչու է այն կառուցվել. այս հարցերին մասնագետները դեռևս վստահաբար պատասխանել չեն կարողանում։





