Գնային կայունության և տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն ունի արժույթի փոխարժեքը: Հայկական դրամի փոխարժեքն էլ էապես կախված է դոլարի և ռուբլու, ինչպես նաև նավթի արժեքային տատանումից:
Մոտակա օրերին սպասվում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի մամլո ասուլիսը, որտեղ հնարավոր է՝ հայտարարություն հնչի տոկոսադրույքի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ ԴՊՀ-ը տոկոսադրույքը կամ կբարձրացնի, կամ ավելի շուտ կթողնի նույնը: Այս պարագայում դոլարի նկատմամբ այլ արտարժույթների արժեզրկումը կշարունակվի:
Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են եվրոպական տնտեսության վերականգնմանը, սակայն եվրոյի վերջին 2 շաբաթների արժևորումը տարբեր արտարժույթների, այդ թվում՝ ամերիկյան դոլարի նկատմամբ բնականաբար չի նպաստում եվրոպական ապրանքների արտահանման խթանմանը:
Ինչ վերաբերում է նավթի գներին, ապա այստեղ առկա են ուժգին ապակայունացող գործոններ՝ ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքի հնարավոր բարձրացումը, որը կբերի դոլարի ուժեղացմանը, հետևաբար նավթի գների անկմանը։
Խոսելով մեր տնտեսական գործընկեր Ռուսաստանից՝ պետք է նշել. որ այնտեղ շարունակվում է քաղաքական և տնտեսական ճգնաժամը՝ նավթի ցածր գների և սանկցիաների պատճառով: Ռուսական ռուբլու հետագա թուլացման համար լուրջ նախադրյալներ կան: Իսկ դա վատ հետևանքներ է ունենալու մեր տնտեսության վրա:
Գլոբալ առումով համաշխարհային տնտեսության հիմնական մտահոգությունը չինական տնտեսությունն է և չինական յուանի վարքագիծը: Չինաստանի արտահանումը նվազում է, և այդ պատճառով չինացիներին ձեռնտու է յուանի արժեզրկումը:
Խոսելով ապրանքահումքային բորսաներից՝ պետք է նշել, որ մեզ համար առավել կարևոր պղնձի գները շարունակում են նվազել, ինչը կարող է բացասական անդրադառնալ մեր տնտեսության վրա:
Դրամի համար բացասական գործոններից է տրանսֆերտների կրճատումը, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկման համար արտարժութային միջոցների սղությունը:
Նման իրավիճակում հայկական դրամի փոխարժեքի վրա ազդող արտաքին գործոններն ավելի քան խոսուն են և վտանգավոր: Աշնան ընթացքում դրամն անկասկած գտնվելու է ճնշման տակ, և այդ ամենը հաշվի առնելով՝ ԿԲ-ն ունենալու է երկու այլընտրանք: Մի դեպքում դրամի փոխարժեքը պահպանել դոլարային ինտերվենցիաների հաշվին և մեկ այլ դեպքում չձեռնարկել ոչինչ` սպասելով փոխարժեքի ազատ ձևավորմանը:



