ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են ոչնչացնել Պալմիրայի համաշխարհային նշանակության հուշարձանները, հայտնում է vesti.ru-ն: Սիրիայի Հնության և թանգարանների դեպարտամենտի ղեկավար Մաամուն Աբդուլ-Քերիմը հայտարարել է, որ գրոհայինները ոչնչացնում են ոչ ամեն ինչ, այլ միայն այն, ինչը չեն կարող վաճառել:
«Ահաբեկիչները «սև» հնագետներին թույլտվություն են տվել սրտեֆակտեր փնտրել դրանք սև շուկայում վաճառելու համար: Կարծում եմ՝ եթե ահաբեկիչներն այնտեղ մնան, քաղաքն ամբողջովին կավերվի: Մենք հուսով ենք, որ սիրիական բանակը կկարողանա ազատել Պալմիրան: Այդ վայրը շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար, չի կարելի թույլ տալ, որ այն մնա ահաբեկիչների ձեռքում, որոնք մեր քաղաքակրթության թշնամիներն են»,- ասել է Աբդուլ-Քերիմը:
Օրինակներ կան, թե գրոհայիններն ինչպես են վերաբերվում համաշխարհային ժառանգությանը: Քրիստոնյաների համար սուրբ Մաալուլա քաղաքում մինչև հիմա հիշում են արամեերենը՝ Քրիստոսի լեզուն: Մաալուլան 8 ամիս եղել է իսլամիստների ձեռքում: Սուրբ Թեկլայի վանքում իսլամիստները պղծել են սրբապատկերներ, եկեղեցի այրել, ոչնչացրել են վանական շենքեր:
«Գրոհայինները հանկարծ որոշեցին, որ քարանձավում, որտեղ թաղված է Սուրբ Թեկլան, ոսկի կա, և պայթեցրին սալաքարը: Բայց ոչինչ չգտան և հետո պարզապես հրկիզեցին ամենը, ինչ կար այդ սուրբ վայրում»,- հիշում են տեղի բնակիչները: