Tert.am-ը գրում է.

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին, նշել է, թե իրականում դրա համատեքստը շատ ավելի ընդգրկուն է և դրա վերջնարդյունքը չի կարող հանգել ընդամենը ռուս-ադրբեջանական պարզունակ գործարքից բխող պայմանավորվածությունների երկկողմ համաձայնեցմանը:

«Այդուհանդերձ ցանկացած օտարերկրյա կարևոր պաշտոնատար անձի այցը պաշտոնական Բաքուն կձգտի զուգորդել ռազմական սրացումներով ճակատային գծում, քանի որ այդ պահվածքը ադրբեջանական կողմի քաղաքական մոտեցումների անքակտելի մասն է կազմում: ՌԴ արտգործնախարարի այցն այս առումով անակնկալներ չի պարունակել: 

Միաժամանակ, Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է՝ նման քայլի դիմելու համար նախագահ Ալիևը որոշ արտաքին դերակատարների քաղաքական, դիվանագիտական և ռազմա-տեխնիկական աջակցության կարիքն ունի և այժմ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում նա կարող է և այդ աջակցությունը ստանալ:

Այլ հարց է, որ անգամ այդ դեպքում Հայաստանի և Արցախի հանդեպ առավելության հասնելու հնարավորություններն Ադրբեջանի համար էապես չեն աճի: Ավելին՝ պատերազմ հրահրելու դեպքում մեր ռազմատենչ հարևանը կարող շատ ցավալի ու անդառնալի կորուստներ ունենալ: Ես կարծում եմ, որ ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հավանական հերթական հանդիպման կազմակերպման դեպքում այս անգամ կարևորը լինելու է ոչ այնքան նրանց հանդիպման փաստը, որքան դրան ընդառաջ սպասվող և դրան հաջորդելիք համանախագահների գործողությունները: Ես չեմ բացառում, որ նրանց կողմից կարող են հնչեցվել որոշ նոր ու սկզբունքային արժեք ունեցող գաղափարներ»,-գրել է Արման Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել