Սարգիս Հովսեփյան. «Մխիթարյանը պետք է պաշտպանությունից գնդակը հասցներ հարձակվողներին»Panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

- Հենրիխ Մխիթարյանը Սերբիայի ընտրանու հետ խաղում գործում էր հենակետայինի դիրքում, չե՞ք կարծում, որ առջևի գծում նա ավելի արդյունավետ կգործի։
- Հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականին նա այդ դիրքում ավելի մեծ օգուտ է տալիս։ Իհարկե, եթե լիներ 3-4 Հենրիխ Մխիթարյան, մենք նրան առջևում կխաղացնեինք, բայց, ցավոք, նա մեկն է և մեծ օգուտ է տալիս հենց այդ դիրքում։

-Սերբերի հետ խաղում ի՞նչ կարգադրություններ էիք տվել թիմին, և Հենրիխ Մխիթարյանի՝ որպես հենակետային կիսապաշտպանի, խաղից գո ՞ հ եք, թե ՞ոչ:
- Սերբիայի հավաքականի հետ խաղում մենք հասկանում էինք, որ պետք է խաղանք հակագրոհների վրա։ Ունեինք պահեր առաջին կեսում, որոնք տղաները չկարողացան օգտագործել։ Առաջին կեսում նրանք ինչ-որ չափով կատարեցին առաջադրանքները, բայց ոչ լիովին, դրա համար դիտել ենք տեսագրությունը և փորձում ենք բացերը լրացնել:
Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, այո, նա շատ լավ է խաղում։ Ես հասկանում եմ, որ եթե ավելի առջևում գործի, ապա շատ ավելի վտանգավոր կխաղա։ Բայց մեզ խաղացող է պետք, ով պաշտպանությունից գնդակը կհասցնի հարձակվողներին։ Դա ամենավտանգավոր գոտին է։ Եթե այն հանձնեցիր, մրցակիցն ամբողջությամբ կտիրի խաղին։ Կրկնում եմ` ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Չէի ցանկանա ինչ-որ մեկին առանձնացնել։ Պարտվել ենք բոլորս։ Վերլուծություններ արդեն արել ենք և կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին։

- Նշել էիք, որ որոշ ֆուտբոլիստներ չեն կատարել Ձեր հանձնարարությունները։ Ովքե՞ր են նրանք:
- Չէի ցանկանա անուններ տալ։ Այդ ամենը մենք մեր ներքին խոհանոցում վերլուծում ենք և դատողություններ անում։ Ցանկացած ֆուտբոլիստ, կարևոր չէ՝ որ ակումբից, պետք է նվիրվի հարյուր տոկոսով։ Միգուցե լավ մարզավիճակում չեն եղել և չեն կարողացել իրենց մրցակցի դեմ լավ խաղալ։ Դրա համար կան փոխարինողներ, ովքեր կարող են օգնել հավաքականին։

- Հայաստանի հավաքականը վերջին անգամ հաղթել է 1 տարի առաջ, ինչպե՞ս եք ուզում մոտիվացնել թիմին։
- Պատասխանը հենց ձեր հարցի մեջ էր։ Մենք բոլորս էլ հաղթանակի ծարավ ենք, ուզում ենք անպայման հաղթել սեփական դաշտում և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։

- Կարո՞ղ եք ասել, որ Սերբիայի թիմից կրած պարտության պատճառներից մեկը Մովսիսյանի և Օզբիլիսի մոտ խաղակցվածության պակասն էր։
- Չեմ կարծում, որ պատճառը միայն այս երկու ֆուտբոլիստի վատ խաղն էր: Մանավանդ եթե երկու գոլ ենք բաց թողնում, Մովսիսյանի մեղքը այդտեղ ընդհանրապես չկա։ Նա շատ լավ աշխատեց և շատ սուր էր խաղում, բայց գոյություն ունի նաև մրցակից, որը նույնպես լավ էր խաղում։ Արասը մեկ տարի չէր խաղացել, և եթե նրան չհրավիրեինք հավաքական, գեղեցիկ չէր լինի։ Մենք պետք է նրան աջակցենք և հնարավորություն տանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել