«Արմենիա» հեռուստաընկերությունը ներկայացնում է հեղափոխություն կաբելային հեռուստաալիքների հեռարձակման գոտում՝ առանց գովազդի 6 տարբեր «Արմենիա»՝ միայն «Ucom» ցանցում: «Opera suite» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենիա Թի Վի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը նշեց, որ իրենք քայլում են ժամանակին համընթաց և առաջարկում ևս մեկ նորամուծություն հայկական հեռուստատեսությունում:

«Արմենիա Թի Վի»-ի ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Արամյանը ներկայացրեց «Արմենիա» նոր ընտանիքի ծրագրերը. 0 ալիքի ներքո կլինի «Արմենիա Premium» հեռուսաալիքը, որը HD որակով 1 օր շուտ հեռարձակելու է «Արմենիա» հեռուսաընկերության արտադրության հեռուստասերիալներն ու սիթքոմերը, ընդ որում՝ առանց գովազդի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները:

304 ալիքով կլինի «Հայ կինոն», որը ցույց է տալու հայկական կինոարտադրության և հեռուստաեթերների դասական և ժամանակակից ֆիլմերն ու սերիալները:

303 ալիքով եթեր կհեռարձակվի «ՋանTV»-ն, որը ցուցադրելու է հայկական երգարվեստի բոլոր ժամանակների երգերն ու տեսահոլովակները, հայ արտիստների համերգային ծրագրերը:

302 ալիքով կլինի «ՔոմեդիTV»-ն, որը կհամախմբի հայտնի հայ հումորիստներին, կցուցադրի հայկական հումորային ծրագրերը, շոու ծրագրերը, մանրապատումները:

301 ալիքը մանկական է՝ «Տուն-տունիկը» կցուցադրի մուլտֆիլմեր, ընտանեկան ֆիլմեր, աշխարհահռչակ արկածային, ֆանտաստիկ, կատակերգական ֆիլմեր, ճանաչողական հեռուստածրագրեր:

300 ալիքի ներքո կլինի «Սիեմաքսը», որը կցուցադրի կինեմատոգրաֆիայի լավագույն կինոնկարները:

«Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն այն հեռուստաընկերություններից է, որը հեռարձակում է բարձր որակի կոնտենտ՝ հետաքրքիր հեռուստածրագրերով: «Այս 6 ալիքները լրացնելու են այդ ամենը: «Հայ կինոն» և «Տուն-տունիկը» բացառիկ են հայկական հեռուստաշուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: Սա այն զարգացումն է, որն այսօր վերապրում է աշխարհը»,- ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով 6 ալիքները հնարավորություն կստեղծեն, որպեսզի հայ հեռուստադիտողներն արտասահմանյան ալիքները մասնակիորեն փոխարինեն այս 6 ալիքներով, քանի որ առաջարկվող կոնտենտը բավականին հետաքրքիր է:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ նշեց, որ ալիքները սեպտեմբերի 14-ից կակտիվանան իրենց բոլոր բաժանորդների մոտ՝ առանց հավելյալ վճարի, կգործեն նաև «restart», «catch up» հնարավորությունները:

BlogNews.am-ի հարցին՝ վտանգ չկա՞, որ սա թուլացնի «ԱրմենիաTV»-ն, քանի որ մասնավորապես «Արմենիա Premium»-ը հեռուստաընկերության ամբողջ կոնտենտը ցուցադրելու է 1 օր շուտ, Դավիթ Բաբախանյանը պատասխանեց. «Ամեն ինչ կարող է լինել, սակայն մեր միտումն է զարգացնել շուկան և փորձել դրական փոփոխություն անել հեռուստադիտողների համար: Իհարկե, ռիսկ կա, սակայն մենք փորձում ենք պոզիտիվ մտածել»: Նրա փոխանցմամբ՝ հնարավոր է՝ առաջիկայում ավելանան մասնագիտական նոր ալիքներ:

Ռուբեն Արամյանն էլ հավելեց, որ միևնույն է՝ մարդիկ դիտելու են «Արմենիա» հեռտուստաընկերության հաղորդումները, իսկ Հայկ Եսայանը նկատեց, որ իր կարծիքով սա ոչ թե կթուլացնի, այլ կուժեղացնի «Արմենիան»: «Այժմ մենք հեռարձակում ենք 171 ալիք, ավելացնելով այս 6 ալիքը՝ շատ հեռուստադիտողներ արտասահմանյան ալիքներ դիտելուց զատ կսկսեն դիտել այս ալիքները և ավելի շատ կօգտվեն հայկական կոնտենտից, քան ներկա պահին, ինչն ավելի կզարգացնի հեռուստաարդյունաբերությունը»,- եզրափակեց նա:

Նոր Արմենիայի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել