Tert.am-ը գրում է.
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով՝ տարածաշրջանում իրադրությունը կտրուկ կերպով փոփոխվում է: Դա, ըստ նրա, նախևառաջ Իրան-Արևմուտք հարաբերությունների փոփոխությունն է, ինչը կբերի Իրանի դերակատարության փոփոխության:
«Երկրորդն այն է, ինչ կատարվում է Թուրքիայում»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գործնականում պատերազմ է տեղի ունենում: Արևելքն այժմ ավելի անկայուն է, քան մի քանի ամիս առաջ:
Իսկանդարյանի համոզմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը կտրուկ փոխում է Թուրքիան:
Տարածաշրջանային փոփոխությունների երրորդ պատճառը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են:
«Սա տեղի է ունենում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության պայմաններում: Հայաստանն այնքան էլ մեծ հնարավորություններ չունի ազդելու դրանց վրա»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ այդուհանդերձ, Հայաստանը պետք է ուշադիր հետևի զարգացումներին և պետք է իր քայլերը կշռադատի:



