Այսօր լրատվական կայքերն ուսումնասիրելիս աչքովս ընկավ մի նորություն, որ ՕԵԿ-ը նիստ է գումարել: Տեղեկության մեջ տեղադրված էին նիստի օրակարգում քննարկված առանցքային հարցերը: Նշված էր նաև, որ վերջինիս ժամանակ վերահաստատվել էին ՕԵԿ-ի և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումներ:
Կարդացի նորությունն ու հիմա նստած ցանկանում եմ հիշել, թե ՕԵԿ-ն ի՞նչ է. բիզնես-կենտրո՞ն, «հաճախորդների դպրո՞ց», թե՞ Քոչարյանի բնորոշմամբ` արտասահմանյան լրտեսների ցանց:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա զավեշտալի է, որ ՕԵԿ-ի պես հեղինակազրկված կառույցը ժամանակ առ ժամանակ ամպագոռգոռ մեկնաբանություններով ներկայացնում է իրենց կազմակերպության նիստերն ու համագումարները: Կարելի է ենթադրել, որ այսպես նրանք ցանկանում են ժողովրդի մոտ իրական, գործող, ժողովրդի մասին մտածող և երկրում կատարվող իրադարձություններով մտահոգվող կազմակերպության իմիտացիա ստեղծել, սակայն չեն գիտակցում, որ ժողովրդի հիշողությունը թարմ է, և իրենց ուզածին հասնելը ֆանտազիայի ժանրից է:



