Aravot.am-ը գրում է.
Սեպտեմբերի 5-ին նշվում էր Գյումրիի օրը, որի ծրագիրը բաղկացած էր տարբեր մշակութային միջոցառումներից, ցուցահանդեսներից, տոնական համերգից: Որքան էլ տարօրինակ հնչի, Գյումրու ամենամեծ մշակութային օջախի՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը մշակութային միջոցառումներին հրավիրված չի եղել: Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում հավատալ, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը թատրոնի անձնակազմի հետ ինչ-ինչ պատճառներով քեն է քշում, այլ հակված է կարծելու, որ սա ավելի շատ քաղաքապետարանի ներքին օղակների փնթի աշխատաոճի արդյունք է:
«Չեմ կարող ասել, սա դիտավորությո՞ւն էր, թե քաղաքապետարանի կազմակերպչական հերթական փնթիությունը, բայց իրականությունը շատ ավելի խոսուն է: Գիտեք այս տարի Գյումրու դրամատիկական թատրոնի հոբելյանական 150 ամյակն է ու 150-րդ հոբելյանական տարում սա քաղաքային առաջին մեծ միջոցառումն է, որ կազմակերպվեց: Ծրագրին նայելով՝ տեսնում ես, որ այնտեղ կար հետաքրքիր միջոցառում, որն անմիջականորեն վերաբերում էր Գյումրու դրամատիկական թատրոնին. դա Լեւոն Մութաֆյանի «100 տարի և կես դար» գրքի շնորհանդեսն էր: Ի դեպ, գիրքն ամբողջությամբ նվիրված էր Գյումրու դրամատիկական թատրոնի պատմությանը: Եվ շատ զարմանալի էր, որ այդ գրքի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում եւս թատրոնից որեւէ մարդ ներգրավված չէր: Եթե չլիներ Լեւոն Մութաֆյանի եւ Գյումրու դրամատիկական թատրոնի անմիջական կապը, երեւի թե մենք տեղյակ չէինք էլ լինի, որ գրքի շնորհանդես է կազմակերպվում է, եւ որտեղ:
Շատ ուրախ ենք, որ սուղ պայմաններում Գյումրու քաղաքապետը միջոց է գտել Գյումրու դրամատիկական թատրոնի 150-ամյակի շրջանակներում գրքի հրատարակմանն աջակցելուն, բայց նաեւ շատ տխրում ենք, որ հետեւողական չեն եղել, եւ շնորհանդեսը նման տխուր միջավայրում է անցել, որովհետեւ գիտեք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի կոլեկտիվն ամենամեծն է որպես մշակութային կառույց: Կոլեկտիվն 150 անդամ ունի եւ չէր կարելի այդ թատրոնին նվիրված գրքի շնորհանդեսը կազմակերպել 30-40 հոգով, այդ պայմաններում եւ չէր կարելի թատրոնին նվիրված գրքի շնորհանդես կազմակերպել առանց թատրոնի մարդկանց:
Միջոցառումների շրջանակում որեւէ հրավեր չի եկել, նախ չի տրամադրվել թատրոնին տեղեկություն, որ գիտեք ինչ կա, հովանավորվել է մեր կողմից գիրք, որի շնորհանդեսը տեղի է ունենալու: Եվ նույնիսկ թատրոնի գլխավոր ռեժիսորը տեղյակ չի եղել, այլ մեկ օր առաջ հեղինակն է զգուշացրել: Ծավալուն գրքում տեղ է գտել թատրոնի գրեթե 145 տարվա պատմությունը, նաեւ անդրադարձ կա թատրոնի վերջին տարիների ստեղծագործական ճանապարհին, մարդկանց մասին է գրված, որոնք այսօր կենդանի են, որոնք այսօր ապրում են, եւ նույն թատրոնի մարդիկ կարող է եւ շատ հետաքրքիր առաջարկություն անեին գրքի շնորհանդեսը մեկ այլ տարբերակով կազմակերպելու համար: Բայց ամեն դեպքում չեղավ ոչ մի արձագանք, չքննարկվեց ոչինչ թատրոնի հետ:
Գյումրու դրամատիկական թատրոնին նվիրված գրքի շնորհանդես կազմակերպեցին առանց թատրոնի մարդկանց: Չգիտեմ ինչ հարցրեց քաղաքապետն իր մշակույթի բաժնի պետին, երբ տեսավ, որ թատրոնական ոչ մի մարդ չկա գրքի շնորհանդեսին: Խոսել եմ հեղինակի հետ, հեղինակի պարտավորության շրջանակներում չէ իր գրքի շնորհանդեսին մարդկանց հրավիրելը, եւ նա նույնպես գտնում է, որ կարելի էր գրքի շնորհանդեսը կազմակերպել շատ ավելի թատրոնական միջավայրում եւ Գյումրու դրամատիկական թատրոնի կազմակերպչական բոլոր հնարավորությունները օգտագործելով», -ասաց Տիգրան Վիրաբյանը: Ըստ մեր զրուցակցի, քանի որ Գյումրու դրամատիկական թատրոնը քաղաքի ամենամեծ մշակութային կառույցն է, Գյումրու կենտրոնական հրապարակում մշակութային միջոցառում կազմակերպելիս ճիշտ կանեին հրավեր ուղարկեին վաստակաշատ դերասաններին:
«Կարծում եմ ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, վաստակավոր արտիստներ Ռազմիկ Բադալյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Յուրա Ոսկանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտը Քոչարյանն այս քաղաքում վաստակել էին VIP տեղերում նստելու պատիվ, այլ ոչ թե հրապարակի հետնամասում կանգնեին ու հոտնկայս դիտեին քաղաքի տոնակատարության եզրափակիչ համերգը: Բոլորը սիրում են քաղաքը, բոլորի համար քաղաքի տոնը շատ կարեւոր է, ես չեմ խոսում երիտասարդության մասին: Եթե տեղերը հաշվարկված էին ու սահմանափակ, մենք՝ ջահելներս, կարող էինք ոտքի վրա նայել միջոցառումը, բայց կան մարդիկ, վաստակաշատ դերասաններ, որոնք արժանի են այդ հոգատարությանը եւ ուշադրությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



