Tert.am-ը գրում է.
Գեներալ-մայոր, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում իր կարեկցանքը հայտնեց «Ադրբեջանի անպաշտպան ժողովրդին», որոնք ոչ միայն իրենց ղեկավարության ձեռքով հրահրած պատերազմական գործողություներից են տուժում, այլ նաև բնական աղետից և ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության անունից պատրաստակամություն հայտնեց օգնել տուժած բնակչությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանի Շեքի քաղաքում: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գրանցվել էր 7 բալ։
«Ոչնչով մեղավոր չեն այդ մարդիկ, որ երկու կողմից են ընկած հարվածի տակ: Մի կողմից իրենց ռազմական գործողություններին պատասխան գործողությունները, որի պատճառով սահմանին և մոտ գյուղերում վիրավորներ են տալիս, մյուս կողմից էլ բնական տարերքը: Մենք փրկարարներ ենք, և աշխարհի տարբեր ծայրերում գնում ենք օգնության և փրկարար վերականգնողական աշխատանքներ կատարում: Հիմա մենք պատրաստ ենք և ցավակցում ենք այդ ժողովրդին և մեր խաղաղարար ձեռքն ենք մեկնում և ասում ենք, որ կարող ենք գալ և Ադրբեջանի ժողովրդի համար փրկարար աշխատանքներ կատարել, ինչպես Թուրքիայի դեպքում էր: Բնակչությանը օգնությունը սահման չի ճանաչում»,- ասաց նա:
Աստվածատուր Պետրոսյանը նշեց, թե իրենք չեն ուրախանում, ինչպես ադրբեջանական կողմն է ուրախանում Հայաստանում տեղի ունեցող աղետներից: «Ընդհակառակը՝ ցավում ենք, և օգնության ձեռք մեկնում: Պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել՝ առանց գնդակի, առանց զենքի, գնալ և օգնել ազգաբնակչությանը, ինչպես բոլոր նորմալ ցիվիլ երկրներում»,-ասաց նա:



