Այսօր այն օրն է, երբ շատերի պես անգրագետներն էլ, իրար հերթ չտալով, կշտապեն շնորհավորել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Մարդիկ, ովքեր կյանքում սեփական տեսակետն ու միտքը չեն արտահայտել, եկող սերնդին խելացի ու խոհեմ լինելու խորհուրդ կտան։ Մարդիկ, ովքեր սեփական անուն–ազգանունն առանց տառասխալների չեն կարողանում գրել, կխոսեն գիտելիքի կարևորության և դրա դերի մասին։ Տնօրեններ, ովքեր խրված են կաշառակերության մեջ, այսօր «կհուզվեն» ու կխոսեն առաքինության, պիտանի մարդ դառնալու և հայրենասեր լինելու մասին, բայց աչքի պոչով կհաշվեն ծնողների բերված ծաղկեփնջերը։ 
Քառորդ դար ապրածս կյանքում ես մի բան եմ հասկացել, որ սովորել ցանկացող մարդը միշտ էլ սովորում է, ու կապ չունի ուսումնական հաստատության վարկն ու ղեկավարության կոռումպացված լինելը։ Ընդհանուր առմամբ 6 տարի սովորել եմ, ու 6 տարվա մեջ ինձնից ոչ ոք գնահատականի համար վերաբերմունք չի պահանջել կամ ակնարկել։ 

Ծնողների համար 1 սխալն է երեխային շահագրգռելով, համոզելով դաս սովորեցնելը։ Դպրոցական էի։ Մի անգամ տուն գնալիս լսեցի, թե ինչպես մի երեխա ուրախ–ուրախ մորը պատմում էր, թե «էսօր «5 եմ ստացել, 1000 դրամս կտաք, չէ՞»։ Հետո մտքումս սկսեցի հաշվել, որ եթե այդ տարիքում ամեն «5»–իս համար ինձ գոնե 100 դրամ տային, ես միլիոնատեր կլինեի։ 

Շատ բան տեսած, լսած ու կարդացած մարդու խորհուրդ. երբեք մի՛ կարդացեք` գլուխ գովելու համար, երբեք մի՛ սովորեք` գնահատական ստանալու համար, սովորեք ու ինքնակրթվեք միշտ ու ամենուր։ Հա, ուսանողի, աշակերտի համար գնահատականի տեսքը կարևոր է, բայց եթե դուք գերազանց չեք, արդյո՞ք ձեզ պետք է գերազանցի գնահատականը։ Ո՞ւմ եք խաբում ի վերջո։ 

Մի հետաքրքիր մարդ եք տեսնում, ով իր ոլորտի մանսագետն է, քամեք մինչև վերջ, տվեք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են ձեզ այդ ոլորտում։ Երբեք բաց մի՛ թողեք հետաքրքիր մարդու հետ շփվելու հնարավորությունը։ Հետո զղջալու եք։

Հ.Գ. Փորձեցի մաքսիմալ գրագետ գրել, չնայած, երբեմն արհեստական է ստացվում մաքուր հայերենով խոսելը, բայց դե Գիտելիքի օրն է, գոնե այսօր առանց «ա»–երի խոսենք ու գրենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել