Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքի թեմային, ասաց, թե իր կարծիքով պետությունը չի կարող այդպիսի նշանակության օբյեկտները շահագործել այն ձևով, ինչ ձևով որ դա կարող է անել մասնավոր անձը:

«Այս պարագայում ես շատ կարևոր եմ համարում ներդրումները, որոնք կիրականացվեն: Եթե լավ ներդրող է հայտնվել, ապա կարելի է այնպիսի պայմանագիր կնքել, որի դեպքում կշահի և՛ հասարակությունը, և՛ օբյեկտը ճիշտ կշահագործվի: Իսկ այն մտահոգությունները, որոնք կապված են խաղերի հետ, ես դա չեմ ընդունում, քանի որ համարում եմ, որ դա ընտանեկան նշանակության զվարճանքի վայր է լինելու, իսկ ընտանեկան նշանակությունը երեխաների խաղերն են և տարբեր այլ զվարճանքները, որոնք չի կարելի նույնացնել կազինոների հետ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտարկմանը, թե կառավարության կողմից է նշվել խաղատուն բառը, Կարինե Աճեմյանն արձագանքեց. «Շրջանառվել է, բայց որևէ մեկը դրա մասին չի խոսել՝ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ որևէ իրավասու անձ»:

Կարինե Աճեմյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ եթե ճիշտ պայմանագիր կնքվի և ներդրումները ճիշտ կատարվեն, հետագայում այդ կառույցը կարող է իր նպատակին ծառայել և որևէ վնաս չտալ:

«Ինչ վերաբերում է տեղանքին, ապա ընդդիմախոսները չեն հիշում, թե վերջին տարիներին  ինչ լայնամասշտաբ համերգային ծրագրեր են իրականացվել: Որևէ մեկն այն ժամանակ սրա մասին չի խոսել ու իր մտահոգությունը չի հայտնել»,-ասաց Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ Հայաստանում չկան նմանատիպ ընտանեկան զվարճանքի վայրեր, և լավ կլինի, որ այն ճիշտ ձևով շահագործվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել