Բաբայան. Հայկական կողմը կորուստներ չունիPanARMENIAN.Net-ը գրում է.

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալԴավիթ Բաբայանը՝ ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները:

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտելհրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել իբր հայկական կողմը 5 զոհ ունի և 8 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն փ վիրավոր:

«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում և դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թվաքանակն է իջնում, ո՛չ ինչ-որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձևն է», - ասել է Բաբայանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը վերահսկելի է, «որևէ արմատական փոփոխություն չկա»՝ ընդգծելով, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն դա որևէ կերպով չի փոխում իրավիճակը, և նա ի վիճակի չէ իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը:

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց: ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել