Artsakhpress.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է առաջիկա ամսվա ընթացքում հանդիպում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառորեն արված հրավերը:

«Ջումհուրիեթ» թերթի փոխանցմամբ` նշվում է, որ թուրքական Ինջիռլիք ռազմաբազան «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման դեմ հարվածների համար ամերիկյան օդուժի օգտագործմանը հանձնելուց հետո Էրդողանի անմիջական հրավերին Օբաման պատասխանել է. «Ոչ այժմ: Հանդիպել կարող ենք նոյեմբերին Անթալիայում անցկացվելիք G-20 գագաթաժողովի շրջանակում»:

Այս ամիս Վաշինգտոնում կամ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպելու մասին Էրդողանի ցանկությանը Սպիտակ տունը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն Անթալիայում G-20 գագաթաժողովի շրջանակում` ԱՄՆ նախագահի «խիստ զբաղված» լինելու պատճառով:

Թերթը հայտնում է, որ այդ պատճառով Էրդողանը հրաժարվել է մեկնել ՄԱԿ-ի գագաթաժողովին: Նրա փոխարեն գագաթաժողովին Թուրքիան կներկայացնի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել օգոստոսի վերջին Մերիլենդում մզկիթի բացման կամ սեպտեմբերին տեղի ունենալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, սակայն, նրա այդ խնդրանքը Վաշինգտոնը հարմար չի գտել:

Ենթադրվում է, որ Օբամա-Էրդողան «սառնությունը» կապված է ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի պասիվ պահվածքով: Սպիտակ տունը Թուրքիայից պահանջում է «ավելի ակտիվ» լինել ԻՊ-ի դեմ պայքարում, ինչը սակայն, Անկարան առայժմ անտեսում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել