Tert.am-ը գրում է.
Սահմանադրության նոր նախագիծը ներկայացվել է հիմա, որովհետև խանգարող հանգամանքներ չկան՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա որոշվեց փոփոխել Սահմանադրությունը։
«Ցանկացած ժամանակ, երբ տեղի են ունենում բարեփոխումներ, նույն հարցը առաջանում է՝ հիմա, բայց ինչո՞ւ ոչ։ Որևէ խանգարող հանգամանք չկա՝ բարենպաստ ժամանակ է, որ փոփոխությունները կյանքի կոչվեն, իսկ սրանք առաջադիմական փոփոխություններ են։ Խորհրդարանական հանրապետությունները որպես կանոն լինում են ժողովրդավարական։ Սա ավելի ժողովրդավար կառավարման ձև է, քան նախագահականը, քաղաքական փորձը աշխարհի դրա մասին է ասում, բայց թե ի՞նչ կստացվի մեզ մոտ, դեռ պետք է տեսնենք»,-ասաց նա։
Լևոն Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ կառավարման խորհրդարանական համակարգը ռիսկային է ՀՀ-ի համար, որովհետև երբևէ Հայաստանում չի գործել նման համակարգ, եթե չհաշվենք Առաջին հանրապետության փորձը, որը կիսատ է մնացել։
Ի պատասխան հարցին էլ, թե ում են պետք այս փոփոխությունները, Լևոն Մարտիրոսյանը ընդգծեց բոլորիս։ «Պետք է և՛ քաղաքական ուժերին, և՛ հասարակությանը, զարմանալի է, որ այն ուժերը, որոնք տասնամյակներ շարունակ ջատագովն էին այս համակարգի, առնվազն այժմ լռում են ու անհասկանալի է, թե ինչին են դեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանության վերարտադրության վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ գործող Սահմանադրությունը որևէ կերպ չի կաշկանդում իշխանություններին վերարտադրվել։ «Սահմանադրության փոփոխումը սերունդներին է պետք, ոչ թե գործող մի պաշտոնյայի կամ քաղաքական ուժի։ Այդ վախերն անտեղի են»,-ասաց նա։



