Tert.am-ը գրում է.
Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև է ընդունել, գրում է massispost.com-ը՝վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարին:
Ջորջիա նահանգում Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթ է ունեցել հրեական կազմակերպության հետ կազմակերպված հանդիպմանը։
«Մեծ պատիվ էր Ատլանտայի հրեական համայնքին պատմել Հայոց ցեղասպանության մասին: Այս բանաձևի միաձայն ընդունումը ցույց է տալիս մեր տեղական համայնքներում ցեղասպանության դեմ քարոզչական գործունեությունն ընդլայնելու ավելի ու ավելի մեծ կարևորությունը»,- ասել է Քասաբյանը:
Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել:
Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը նպաստում է հրեա-ամերիկյան քարոզչական գործունեության աճող միտմանը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք խորհրդի կողմից այս կարևոր և ժամանակին արված բանաձևի ընդունումը: Խորհուրդն ԱՄՆ-ում մարդու իրավունքների առաջատար պաշտպան է, և հոկտեմբերին այս բանաձևի ամբողջական ընդունումը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գրավական կլինի»,- ասել է Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:



