Tert.am-ը գրում է.
Վրաստանի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի Տաբածղուր լճի ձուկը պատկանում է գյուղացիներին, որից 50%-ը կարող են որսալ իրենց համար, իսկ մյուս 50-ով պետք է լուծվեն համայնքային խնդիրները։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով ծնունդով այս գյուղից է ու լիճը վարձակալած ընկերությունն իրեն է պատկանում։
Վարդան Այվազյանը պնդեց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլի հրապարակումները, թե գյուղացիներին թույլ չի տրվում ձուկ որսալ այդ լճում։
«Ցույց տվեք մի դիմում ձուկ բռնելու մասին, որ մերժվել է։ Եթե լինի, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել դիմումը»,-ասաց նա և ընդգծեց, որ շատերը չեն կարողանում մարսել այն, որ ինքը կարողացել է հաղթել ԱՄՆ-ում տեղի ունեցած դատական գործը։
Վարդան Այվազյանը պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն է գնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ինչպես գրվել է մամուլում, ասաց, որ նման տեղեկություն տարածողները արջի ծառայություն են մատուցում իրենց տերերին։
«Շուտով իսկական տերերն ի հայտ կգան, նման տեղեկություններն ասեղ չեն, որ դեզի տակ պահես, ես ուրախ եմ, որ շահագործելու են, բայց ո՞րն է իմաստը իմ անվան հետ կապել»,-ասաց նա։



