Tert.am-ը գրում է.

«Հետք» թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանից տեղեկացել է, որ սկսվել է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը։

«Սողոմոն Քոչարյանը արդեն վաղուց հիվանդ է, բայց նա պատշաճ ուշադրության չի արժանացել։ Նրան պարբերաբար մի քանի ժամով տարել են հիվանդանոց ու հետո հետ բերել։ ՔԿՎ-ի պետի մոտ ենք եղել մի քանի անգամ ու ասել ենք, որ Սողոմոնը վատառողջ է, անհրաժեշտ է հետազոտություն իրականացնել, բայց անօգուտ»,-ասաց նա։

Զարուհի Մեջլումյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշվել է սրտային իշեմիկ հիվանդություն՝ 4-րդ աստիճանի սրտի անբավարարությամբ, ինչը կառավարության 825N որոշման համաձայն անհամատեղելի է պատժի կրման հետ։

«Այս որոշման մեջ կառավարությունը սահմանել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում մարդը պետք է ազատվի պատիժը կրելուց, իսկ սրտի իշեմիկ հիվանդությունը հենց այդ ցանկում է»,-ասաց նա։

«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ նշեց, որ Գոռ Ղլեչյանը առավոտյան զանգել է խմբագրություն ու տեղեկացրել ազատման գործընթացի մասին։

«Ես չգիտեմ լիարժեք, թե սա ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ պետք է վաղուց սկսվեր։ Ընդհանրապես մեր երկրում հարկավոր է սկսել ցմահ դատապարտյալների գործերի վերանայման գործընթաց, որովհետև նրանցից շատերի դեպքում չկան ապացույցներ, վճիռը կայացվել է ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ է, 1995թ. մահապատժի է դատապարտվել՝ Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով այդ դատավճիռները փոխարինվել է ցմահ ազատազրկման։

Զարուհի Մեջլումյանն ընդգծեց, որ Սողոմոն Քոչարյանի դատավարության ժամանակ տուժողի իրավահաջորդն է եղել Իրանի դեսպանատան ներկայացուցիչը, ով պահանջել է՝ մահվան դատավճիռ, իսկ գործով դատախազ Ժիրայր Խառատյանը իր հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե երբևէ ինչ-որ բանի ճնշման ներքո գործել է, պատասխանել է, որ այո և նկարագրել Սողոմոն Քոչարյանի գործը։

«Սա արդեն հիմք պետք է լիներ, որ գործը վերանայվեր։ Ուզում եմ փոխանցեմ Սողոմոնի մոր խնդրանքը ուղղված ՀՀ Նախագահին՝ ազատել իր որդուն, հատկապես այն դեպքում, երբ կան բոլոր հիմքերը։ Եթե Սողոմոնը իմանա, որ ազատություն է վերադառնալու, կունենա մոտիվացիա ապրելու»,-ասաց նա։

Լրագրողը նաև տեղեկացրեց, որ Սողոմոնը կորցրել է իր ընտանիքը. Կինը մահացել է տարիներ առաջ հիվանդությունից, իսկ աղջիկը նախորդ տարի ինքնասպան է եղել և երկտող թողել այն մասին, որ հնարավորություն չունի հոր հետ հանդիպելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել