Դուք դիտե՞լ եք «Ամերիկյան դիպուկահարը» ֆիլմը։ Այն իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմ է իրականում ապրած ամերիկացի մի դիպուկահարի մասին, ով Իրաքյան պատերազմի ու Իրաքի օկուպացիայի տարիներին 6 անգամ գործուղվել է այնտեղ ու ընդհանուր առմամբ մոտ մի 150 մարդ է սպանել, իսկ հետո, հետտրավմատիկ սինդրոմ կրելով ու հաղթահարելով այն, սկսել է աշխատել ռեաբիլիտացիոն կուրս անցնող վետերանների հետ, որոնցից մեկն էլ նրան սպանել է։ Նրան լավ ռասկռուտկա արեցին, դարձրեցին ազգային հերոս, ու այս ֆիլմն այդ կերպարի վերջնական ձևավորման վերջնական քայլն է։ Ամերիկան լուրջ պետություն ա, ու ոչ ոք այնքան լավ չի գիտակցում, թե որքան կարևոր են հերոսները, իդեալներն ու սիմվոլները՝ ուժեղ պետություն ունենալու համար, որքան դա անում են Ամերիկայի քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները։ Ու պետք է ասեմ, որ ոչ ոք չի կարողանում լինել այնքան արդյունավետ այս հարցում, որքան ամերիկացիները։

Հիմա տեսեք, այս ֆիլմի օրինակով բացատրեմ ինչից՝ ինչ են սարքում։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ այս դիպուկահարը դիրքավորված հետևում է, թե ինչպես են իր համածառայակիցները մտնում Էլ Ֆալլուջա քաղաք, որտեղ 2004-ին լուրջ ապստամբություն էր սկսվել, որն ի վերջո հանգեցրեց նրան, որ ամերիկացիները քաղաքը բառիս բուն իմաստով հողին հավասարացրեցին, իսկ հետո էլ ավերակներում մնացած դիմադրողներին ու խաղաղ բնակիչներին սպիտակ ֆոսֆորով այրեցին։ Ինչևէ, էս դիրքավորված դիպուկահարը տեսնում է, որ ամերիկացիների շարասյանը մոտենում են մի կին ու մանկահասակ երեխա, ու երբ երեխան ուզում է նռնակ գցել զինվորների շարքերի մեջ, սպանում է երեխային, իսկ հետո մայրն էլ է զոհվում։ Իսկ մեկ այլ դրվագում էլի նշանոցի միջով հետևում է մեկ այլ երեխայի, ու ձեռքը զենք են տվել, նա էլ ահավոր ապրումներ է ունենում, որովհետև մտածում է, որ հեսա ստիպված է լինելու սպանելու երեխային, բայց երեխան զենքը գցում ու փախչում է, ու հերոսը թեթևացած շունչ է քաշում։



«Իսկ որտե՞ղ էր քարոզչությունը»՝ կասեն ոմանք։ Ահա թե որտեղ. Իրաքի պատերազմն առավել, քան շատ այլ պատերազմներ անարդար էր, որովհետև այն սկսվեց նրանից, որ ամերիկացիները մեղադրեցին Սադդամին քիմիական զենք պատրաստելու ու Բեն Լադենի հետ կապ ունենալու մեջ սեպտեմբերի 11-ի նախապատրաստման հարցում և, գրավելով երկիրն ու կախելով Սադդամին, ամերիկացիներն այդպես էլ ոչ մի ապացույց չկարողացան ներկայացնել պատերազմի պատճառ հանդիսացած մեղադրանքների օգտին։ Ավելին, ի վերջո խոստովանեցին, որ քիչ մը խաբել էին, ու ո՛չ քիմիական զենք կար, ո՛չ էլ Բեն Լադեն։ Այսինքն, Ամերիկան նագլի ձևով գրավեց մի հատ հսկայական երկիր, իսկ ամերիկյան ընկերություններն իրանցով արեցին այդ երկրի ռեսուրսները, իսկ ամերիկյան ռազմական արդյունաբերության գիգանտներն իրանցով արեցին նորակառույց իրաքյան բանակին սպառազինության մատակարարման բազմամիլիարդանոց տորթի առյուծի բաժինը։ Հետևանքներն էլ գիտենք. այսօր Իսլամական պետություն ասվածը փաստացի Սադդամի բանակն է, որը մուտացիաների է ենթարկվել։ Սակայն վերադառնանք ֆիլմին ու մասնավորապես հերոսին ու նրա սպանված երեխային։

Եկեք հիմա այդ դրվագին նայենք ոչ թե ամերիկյան տեսակետից, այլ հայրենասեր իրաքցու։ Եկել են, երկիրս գրավել են, քաղաքներիցս մեկում ժողովուրդը զենքն առել է ձեռքն ու պայքարում է օկուպանտների դեմ, և պայքարում են մեծից փոքր։ Փոքրերից մեկը՝ մի 11-12 տարեկան, ուզում է իր ավանդն ունենալ այդ պայքարում ու նռնակ նետել իր հայրենիքը նվաճած ագահ օտարերկրացիների զինվորների մեջ, բայց նրան սպանում է օկուպանտների դիպուկահարներից մեկը։ Ո՞վ է հերոսը՝ իր հանցավոր ու օկուպանտ պետության հանցավոր շահերը պաշտպանող դիպուկահարը, թե՞ իր հայրենիքի ազատության համար կյանքը վտանգող դեռահասը...

Դե հիմա մի հատ էլ էդ օրինակն Իրաքից տեղափոխեք Հայաստանի վրա ու պատկերացրեք, որ, ասենք, Մարտակերտի անկման տխուր օրերին մի հատ հայ երեխա ուզենար թուրքերի մեջ նռնակ գցեր ու սպանվեր թուրք դիպուկահարի կողմից, որքանո՞վ կկարողանայինք հանդուրժել ինքներս մեր մեջ հերոս դիպուկահարի կերպարը... 

Բա ամերիկացուն ինչո՞ւ ենք հանդուրժում...

Հասկացաք չէ, այս ամենը քարոզչություն է ու այնքան լավը, որ հաճախ ինքներս էլ չենք նկատում, թե ինչպես ենք մենք տրվում դրա ազդեցությանը։ Կինոինդուստրիան, հատկապես դրա ռազմահայրենասիրական ժանրը քարոզչական ամենաուժեղ մեխանիզմներից է։ Ու այնպես չի, որ մենակ ամերիկացիների վրա է հնարավոր կիրառել այդ գործիքն այնպես, որ նրանք նույնիսկ ակնհայտորեն անարդար պատերազմում իրենց երկրի ազատության համար պայքարող 150 մարդ գյուլլած մարդուն համարեն ազգային հերոս։ 

Ու հիմա մեր մասին։ Ի տարբերություն ամերիկացիների՝ մենք արհեստականորեն հերոսներ մոգոնելու կարիք չունենք, որովհետև մեր բարդ պատմական վայրիվերումներում վերջին անգամ նվաճողական պատերազմներ վարել ենք մի 800 տարի առաջ, իսկ պաշտպանվող երկրում հերոսական կերպարներն ավելի հեշտ են ի հայտ գալիս։ Ու էսքանով հանդերձ, մենք շատ աղքատիկ կինոդարան ունենք՝ կոնկրետ քարոզչական ֆիլմերով, եղածներն էլ մտացածին կերպարների կամ էլ ոչ այնքան հաջող իրացված են, էլ չասեմ, որ ընտրված հերոսների կերպարներն են հակասական ու միօրինակ չեն ընդունվում հասարակության կողմից։

Այսօր մենք նման ֆիմերի պակասը շա՜տ ենք զգում ու նման ֆիլմերի հիմքում ընկած իրական կերպարների պակաս էլ չունենք։ Որ խորանաս՝ փողի պակաս էլ չունենք, որովհետև ոնց նայում եմ՝ տարբեր հիմար ու քսերոքսի պես իրար կրկնող կոմեդիաների ու դրամաների համար, չգիտես ինչու, փողեր գտնվում են, իսկ պոտենցիալ շատ ավելի մեծ շուկայական հաջողություն խոստացող պատմական-ռազմական դրամաների համար՝ ոչ։ Օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ կառաջացներ ասենք Մոնթեի մասին ֆիլմը, կամ էլ, ասենք, եթե վախեցնում են լուրջ պատերազմական տեսարաններ նկարելու հետ կապված ծախսերը՝ եկեք ընտրենք մեր դիրքապահ զոհված տղաներից յուրաքանչյուրի պատմությունը. ասենք Արմեն Հովհաննիսյանինը կամ էլ Ազատ Ասոյանինը, կամ էլ, ասենք, ինչո՞ւ մենակ զոհվածների մասին, եկեք ողջ մնացած Նորայր Քամալյանի կամ էլ էն մեր ձեռքը կորցրած լեյտենանտ Սարգիսի ու նրա զինվորների վերջին մարտի մասին ֆիլմեր նկարենք։ Կարող ա՞ մեկնումեկն ասի, որ չի նայի նման ֆիլմ, ու կարիք չունենք նման ֆիլմերի։ Կնայեն ու էն էլ ոնց, կինոթատրոնները հերթի տակ կաշխատեն։ 

Բայց ավաղ, չեն անում... Մեկ-մեկ ամերիկացիներից սովորել ա պետք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել