Tert.am–ը գրում է.

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Երևանում   Պաղեստինի դեսպանատուն բացելուն, հայ-պաղեստինյան հարաբերություններին ու ազատագրական պայքարներին պատմական նմանություններին, որոնց մասին մշտապես խոսում էր Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթը: Ըստ նրա՝ Պաղեստինի ներկայացուցչության բացումը Հայաստանում ավելի շատ ձևի մեջ պետք է դիտարկել, քան բովանդակության և պետք է հաշվի առնել, որ Պաղեստին, որպես պետություն կամ պետական միավոր, դեռևս միջազգային ճանաչում չունի։

 

-Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները և որ իր աշխատանքի արդյունքը պետք է լինի Երևանում  Պաղեստինի դեսպանատուն բացելը: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Պաղեստինը կարևորում ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները անկախությունից 25 տարի անց:

 

-Պաղեստինի ներկայացուցչության բացումը Հայաստանում ավելի շատ ձևի մեջ պետք է դիտարկել, քան բովանդակության և պետք է հաշվի առնել, որ Պաղեստին, որպես պետություն և կամ պետական միավոր, դեռևս միջազգային ճանաչում չունի, այլ ընդամենն ինքնավարություն է, որը ձգտում է միջազգային ճանաչման. տարբեր եղանակներով՝ թե՛ առանձին պետությունների կողմից և թե՛ միջազգային ատյանների, մասնավորապես, ՄԱԿ-ի: Եվ պետք է հասկանալ, որ դա պայմանավորված է Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից դիրքորոշմամբ, որը այդ պետության ձևավորումը տեսնում է միայն Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում միայն: Հետևաբար` ՀՀ-ում Պաղեստինի ներկայացուցչության բացումով անգամ Պաղեստինի հետ  որևէ լուրջ հարաբերություններ չի կարելի: Եվ սա խնդիր է, որը փորձում է իրականացնել պաղեստինյան ներկա վարչակարգը ՝ աշխարհում սեփական հեղինակությունը փորձելով բարձրացնել բոլոր հնարավոր միջոցներով: Կամ հավելյալ ճանաչում արձանագրել:

 

Իսկ Հայաստանի Հանրապետության համար, հաշվի առելով  մշտապես  պաղեստինաիսրայելյան փոխհարաբերությունների բնույթն ու  առկայությունը, բնականաբար, այստեղ որևէ բացասական հետևանքներ չեմ կանխատեսում: Ինչո՞ւ, որովհետև մենք առանց այդ էլ արժեքավոր  երկկողմ հարաբերություններ չունենք Իսրայելի հետ: Այսինքն՝ մենք Իսրայելի հետ անընդհատ նույն կետում ենք, ոչ մի դրական տեղաշարժ այս տարիներին չի եղել: Հետևաբար, որևէ բացասական արձագանք, չեմ կարծում, որ լինի: Միգուցե զուտ հռետորաբանական, ինչ-որ զգացմունքային արձագանքներ, հայտարարություններ լինեն, բայց որևէ էական հարված ՀՀ շահերին, ես չեմ ակնկալում:
 

Բացի այս, պետք է հաշվի առնել Իսրայելի կողմից վարվող քաղաքականությունը տարածաշրջանում, նրա սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ, մշտապես Հայոց ցեղասպանության խաղաքարտի շահարկումը Թուրքիայի հետ հարաբերություններում: Այնպես որ, ես եթե նման ներկայացուցչություն բացվի, ես դա դրական քայլ կհամարեմ:

 

-Այսինքն՝ մեզ դրանից ո՛չ սառը, ո՛չ տա՞ք:
 

-Արդեն նշեցի, որ Պաղեստինը որպես պետական միավոր ձևավորված չէ և անգամ պաշտոնական հարաբերությւոններ ՀՀ-ի ու Պաղեստինի միջև չկա: Պաղեստինը, կարելի է ասել, հաշված պետությունների հետ ունի հարաբերություններ: Այստեղ մենք ավելի շատ կարող ենք խոսել դրա խորհրդանշանական բնույթի մասին: Իսկ քաղաքական ու տնտեսական հետևանքների մասին դեռևս վաղ է խոսել:
 

Թեև պետք է ասեմ, որ Եվրոպայում օրինակ՝ սկիզբ է առել Պաղեստին պետության ճանաչման որոշակի գործընթաց: Ինչպես որ ՄԱԿ-ի տարբեր կառույցներում իշխանությունները նախաձեռնել էին ճանաչման որոշակի գործընթացներ և  ՀՀ –ում Պաղեստինի ներկայացուցչության բացումը հենց այս գործընթացների համատեքստում է:

 

-Իսկ հետագայի համար ի՞նչ կասեք:
 

- Սա ինչ-որ առումով՝ հեռանկարային է, քանի որ դեռևս պետք է ստեղծվի Պաղեստին պետություն, որը երկարաժամկետ գործընթաց է: Ուղղակի մի ուշագրավ դիտարկում, որ նախկինում Պաղեստինի բազմաթիվ առաջնորդներ, որոնց թվում՝  Յասեր Արաֆաթը մշտապես համեմատականներ էին տանում հայ ժողովրդի և պաղեստինցի արաբ ժողովրդի ազատագրական պայքարների միջև և Արաֆաթը նշում էր, որ պաղեստինցիները միշտ օրինակ են վերցրել հայ ժողովրդից: Այսինքն՝ երկու ժողովուրդները բարոյական հարթության մեջ, պատմական համատեքստում որոշակի նմանություններ ունեն՝ երկուսն էլ ունենալով սփյուռք, ունենալով հարևան պետություն, որը մշտապես փորձել է խափանել իր պետականաստեղծման գործընթացները և կամ ցեղասպանական գործողություններ են իրականացրել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել