Pastinfo.am-ը գրում է.

Դստերը փայտով ծեծած մայրը դատապարտվել է տուգանքի՝ 30.000 դրամի չափով:

Ըստ մեղադրանքի՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայրը  ձեռքում եղած փայտով երկու անգամ հարվածել է դուստեր գլխի և ուսի շրջանին, այնուհետև մազերից քաշելով դուրս հանել տանից՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր  չի ճանաչել, իսկ ցուցմունք տալով հայտնել է, որ դստերը ծեծելու պատճառ է հանդիսացել այն, որ աղջիկը հանդիպել է ամուսնացած, 3 երեխանների հոր հետ: Հերթական հանդիպումից հետո աղջիկը  տուն է վերադարձել, իսկ մայրը զայրույթը չի կարողացել զսպել և ապտակել է նրան, ապա մազերից քաշելով ցանկացել է տնից դուրս հանել: Այդ ժամանակ դուստրը ընկել է գետնին, որից հետո ընկած տեղից վեր է կացել և դուրս եկել տնից:

Տուժողն էլ իր հերթին դատարանում հայտնել է, որ ծնողները  դեմ են եղել իր և սիրեցյալի հարաբերություններին, իսկ դեպքի օրը մայրը լոգարանում ապտակել է իրեն, ապա սարդոստայները հավաքելու համար նախատեսված փայտով երկու անգամ հարվածել  իր գլխին և ուսին, իսկ հայրը միջամտելով մորն ասել է, որ չհարվածի, իսկ աղջիկն էլ թողնի և տանից գնա, սակայն աղջիկն, այնուամենայնիվ,  հայրական ապտակ եւս ստացել է, որից հետո ըստ նրա՝ ծնողները նրան տանից դուրս են հանել:

Հայրն էլ իր հերթին ցուցմունքների տալու ժամանակ նշել է, որ թույլ չի տվել կնոջը հարվածի դստերը ու ասել է, որ վերջինս  թողնի տանից գնա. «իրենց անբարոյական աղջիկ պետք չէ»:

Դատարանն ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատված չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել