IMG_20150803_135158

Մոբիլ չլինել ես չեմ կարող, հատկապես հիմա, երբ մի ամիս ևս, ու կսկսեմ ինձ հատկացված աշխարհիկ կյանքի հաջորդ 60 տարին…

Առտու 5-7-ին իմ օրագրի ու համացանցի առաջ եմ, 8-ին՝ հեծանվի վրա, Խանջյան-Վերնիսաժից Բանգլադեշ-Մեդիակենտրոն ճանապարհն անցնում եմ ավելի ու ավելի թեթև-խաղալով՝ ցուցադրելով ազգիս սիրասուն իմ թառլան նժույգի ողջ հմայքը… Այս անգամ ռեկորդային 22 րոպեում կտրեցի իմ ճանապարհը՝ Սեբաստիա փողոցն անցնելով Ծովակալ Իսակովից մինչև Րաֆֆու խաչմերուկ… Ճանապարհին անցա Բեյրութի փողոցի (Իտալական փողոցին զուգահեռ փողոցը, որ Շահումյանի հրապարակը կապում է Գրիգոր Լուսավորչի փողոցին) հեծանվուղիով, նոր գծած սպիտակ հեծանվանշաններով մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց ու կանգնեցի… Ժպտացի… Հեծանվուղին ընդհատվում է… Ի՞նչ անեմ՝ իջնեմ, ե՞տ գնամ, սպասեմ, որ ուղին գծեն-հասցնե՞ն Բանգլադեշ… Այս ամենն ինձ հիշեցրեց մանկավարժությունից ինձ հայտնի դիլեման՝ խնդիրներով լի ներառո՞ւմ, թե՞ հոգատար մեկուսացում… Ես, իհարկե, կողմնակից եմ արտակարգ ընդունակություններով համարվող, թե հատուկ կարիքով մարդու իրական ու ամբողջական ներառմանը՝ իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ… Սովորական ու մեկ մարդկային կյանք է՝ իր ուսումնական, փողոցի, ընտանեկան բաղադրիչներով. այդպիսին է ստեղծված, կա, կլինի մեր սեբաստացիների աշխարհը… ու մեկն է մարդը՝ ոտավոր, թե անվավոր… հետիոտն, թե մեքենայով կամ հեծանվով… Հատուկ ուղինե՞ր, ընդգծված-պաշտպանված՝ հեծանվավորի համար. պաշտպանված ումի՞ց, ոտավոր մարդո՞ւց, մեքենայով մարդո՞ւց, ես չեմ հավատում. դա խաղ է, անլուրջ մոտեցում, մեկուսացում՝ հեծանվով մարդու հարուցած խնդիրներից… Իրականում հեծանվավոր մարդու հայտնությունը՝ բոլոր տարիքներում ու ամենուր՝ պարտեզում, բակում, փողոցում, պիտի փոխի մեր հարաբերությունները, մենք պիտի դառնանք շատ ավելի օրինապահ, իհարկե, որպես երթևեկող, բայց և զիջող-ընդառաջող, օգնող… Ժպտացեք և օգնեք հեծանվավոր մարդուն… Ես ձեզնից մեկն եմ՝ ձեր լավագույն բարեկամը, ձեր երեխաների կրթության կազմակերպիչը, ես բացում եմ ձեր ու ձեր երեխաների ճանապարհը դեպի ներառական կյանք՝ ներառական դարձնելով հասարակությունը յուրաքանչյուրիս համար…

Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակից Մեղրաձորի դաշտային ճամբար եմ ճանապարհում արշավականների հերթական հերթափոխին՝ Գնել Հարությունյանի ու Հռիփսիմե Առաքելյանի պատասխանատվությամբ… Իսկ երեկոյան ընդունում էինք Կարինե Պետրոսյանի, Նաիրա Հարությունյանի արշավախմբային ճամբարից վերադարձողներին… Գոհ են յուրաքանչյուրը և բոլորը՝ արշավական տարատարիք սովորող, ուսուցիչ թե ծնող. ավանդական դարձող արշավախմբային դաշտային ուսումնահայրենագիտական ճամբար 2015-ը Մեղրաձորում կայացավ…

Իսկ Վահրամ ԹոքմաջյանիՍուսան Մարկոսյանի հետ Մեդիակենտրոնում մենք գործնական խոսակցություն ենք ծավալում 2015-2016 ուստարվա հոկտեմբերյան ուսումնական արձակուրդի «Շիրակ» ազգագրական արշավախմբի նախապատրաստական աշխատանքի մասին…

Մեր պահապան-փախստական շունը գտնվեց, և ես չէի կարող չայցելել նրան իր նորակռույց բնում. Սոնա Փափազյանն ու մեր սեբաստացի Ռոքսին իրար դիմավորում են հին ծանոթների պես… ի՜նչ վարպետ է Սոնան շփվում… Մեր տանը երբեք ընտանի կենդանի՝ շուն-կատու-թութակ… չի եղել, ո՛չ բակով մեծ հայրական տանը, ո՛չ իմ նախկին, ներկա բնակարաններում… Չնայած ներկա բնակարանի ընդարձակ պարտեզ-պատշգամբը գայթակղիչ է նման նախագծի համար… Մեր շրջակա աշխարհի էակներ են, օրինական իրավունքներով, և՛ չորքոտանիներն ընտանի, և՛ թևավորները… Հանրակրթությունը չի կարող ներառական չլինել, ինչպես և հասարակական կյանքը՝ մարդու՝ իր անհատական կյանքի անձեռնմխելության ընդունմամբ հանդերձ…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել