Թունիսից մինչև Միջին Ասիա եղած երկրները «սարքել» են իմպերիալիստական երկրները՝ իրենց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերից ելնելով: Սիրիան, Լիբանանը և հարևան երկրները ստեղծվել են Սաքս-Պիկո ֆրանս-բրիտանական պայմանագրով: Նույնիսկ այսօրվա Սիրիայի դրոշն անգլիացի գեներալն է հնարել: Ալժիր, Թունիս, Եգիպտոս և մյուս երկրների (էլ չեմ ասում աֆրիկյան) սահմանները քանոնով են գծվել` քարտեզի վրա: Նույնիսկ Իրանն իր այսօրվա սահմանների, իսկ գուցե գոյության համար պարտական է Բիրտանիային ու Ռուսաստանին: Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա էթնոքաղաքականությունն առաջինը կիրառել են բյուզանդացիները, և դրա դրսևորումներից էին հայերի վերաբնակեցումները` բուն Հայաստանից դեպի կայսրության խորքերը և Բալկաններ:
Այդ ամենի մասին շատ լուրջ գրականություն կա:
Ազգեր են ստեղծվել ու ոչնչացել՝ ըստ նախօրոք որոշված սխեմաների: Նույնն էլ Հայաստանը` 1828-ին այսօրվա Հայաստանի բնակչության 22 տոկոսն է հայ եղել (ըստ Լեոյի մոտ բերված պաշտոնական վիճակագրական տվյալների), որոնց մի զգալի մասն էլ բոշաներն էին: Ռուսներին պետք էր Թուրքիայի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի մուսուլմանների արանքը քրիստոնյաների սեպ սարքել ու դրա համար հենց առաջին տարում՝ 1828-ին, Սևանի ափը մաքրեցին թյուրքերից` կարափափախներից: Հետո մուսուլմաններին հանում էին, հայերին լցնում: «Էթնոպալիտիկան» հենց ռուսների հնարած գիտությունն է, որն առաջինը սկսել է կիրառել մի ռուս գեներալ Կովկասը նվաճելու ժամանակ: Ազգեր ու ցեղեր էին ոչնչացվում ու «հնարվում»՝ նրանց կառավարելի դարձնելու համար: Սակայն երբ «ստեղծված» ազգերի ամբիցիաները մեծանում էին, նրանց տարբեր միջոցներով թուլացնում էին: Ազգերի, էթնոսների, կրոնական համայնքների բալանսն արդյունավետ կառավարման միջոցներ էին: Հետո դա սկսեցին կիրառել անգլիացիները և մյուսները: 
Այսօր էթնոզտումներ և վերաբնակեցումներ են սկսվել Մերձավոր Արևելքում, ու չզարմանաք, որ դա շարունակվի Կովկասում, Միջին Ասիայում…
Պատմական փաստերը պետք չէ հերքել, ուղղակի այլ բան է, որ պետք է սեփական շահերն ունենալ: «Օդնակո» հաղորդման Լեոնտևն ընդամենը հիշեցրել է պատմությունը, որից պետք է դասեր քաղել, այլ ոչ թե անիմաստ հերքել հայտնի ճշմարտությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել