Ադրբեջանն աստիճանաբար հայտնվում է 1993-ի ռազմաքաղաքական իրավիճակում, ավելի ճիշտ` ծուղակում, երբ 1992-1993թթ.-ի ռազմական արկածախնդրության արդյունքում պարտվեց նախկին ԼՂԻՄ տարածքում, բայց շարունակելով պատերազմը` ոչնչացման դատապարտեց ադրբեջանական բանակի ամբողջ լաչին-քելբաջարյան խմբավորումը:

1993-ի այս օրը հայկական բանակը «ստիպված էր» ազատագրել շուրջ 200.000 բնակչություն ունեցող Աղդամը, որովհետև բոլոր ճակատներում պարտված թշնամու խոշոր տրամաչափի ծանր հրետանին Աղդամի տարածքից «օր ու արև» չէր տալիս Ստեփանակերտին ու շրջակա բնակավայրերին: Այդ ժամանակաշրջանում ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց երևանյան համախոհների(!) ցուցաբերած կամքի ու տղամարդկության շնորհիվ Աղդամը վերցնելու պատմական պահը բաց չթողնվեց:

Վերադառնանք մեր օրեր... Այսօր Բաքուն հայտարարել է, թե Նախիջևանի տարածքում տեղակայել է ժամանակակից սպառազինություն, այդ թվում նաև` հեռահար հարվածային միջոցներ, որոնցով խոցելու է Երևանը: Խոսքը վերաբերում է «Точка-У» մարտավարական հրթիռային համալիրներին և «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին: 
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ հայկական բանակի զինանոցում առկա հրետանային միջոցներով կարելի է խոցել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակը (ներկայիս Գյանջան), իսկ Р17«Скад» հրթիռային համալիրներով՝ Բաքուն` նշենք, որ Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում Կիևն արդեն իսկ մեծ քանակությամբ «Точка-У» և «Смерч» համակարգեր է կիրառել, բայց ոչ պատերազմի ընթացքն է կարողացել փոխել, ոչ էլ առանձնապես խոշոր չափի վնասներ է հասցրել հակառակորդին: Եվ սա այն դեպքում, երբ Ուկրաինան այս զինատեսակներից անհամեմատ ավելի շատ ունի, քան Ադրբեջանը, այս նույն հրթիռներից այս պահի դրությամբ մի քանի անգամ ավելի շատ է կիրառել, քան կա այսօրվա ադրբեջանական պահեստներում:

Ռազմական փորձագետները կհավաստեն նաև, որ Շուշիից, Կրկժանից, Խոջալուից և ադրբեջանական այլ կրակակետերից Ստեփանակերտի ուղղությամբ БМ21 «Град» համակարգերից արձակված ավելի քան 25.000 հրթիռներն առանձնապես խոշոր չափերի զանգվածային զոհերի պատճառ չեն դարձել, բայց ռազմական անհրաժեշտություն և բարոյական հիմք են ստեղծել դրանք ազատագրելու համար:

Ոչ վաղ անցյալի պատմությունն Ադրբեջանի ղեկավարությանը կարծես ոչինչ չի սովորեցրել: Բաքուն նույն արկածախնդիր տրամաբանությամբ այս անգամ ևս ռազմական ու բարոյական հող է նախապատրաստում` ադրբեջանական խոշոր տրամաչափի հրետանային համակարգերն ու հրթիռային համալիրները մայրաքաղաք Երևանից հեռացնելու համար ԱԶԱՏԱԳՐԵԼ Նախիջևանի առնվազն հյուսիսային հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել