Analitik.am-ը գրում է.

Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հրեաները զանգվածաբար լքում են ՌԴ-ն՝ հեռանալով Իսրայել: Analitik.am-ը փորձեց պարզել՝ համապատասխանում է այդ լուրն իրականությանը, թե ոչ:

Սկսենք նրանից, որ Իսրայելի հայրենադարձների հարցերով նախարար Զեև Էլկինը պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ, որտեղ հայտարարել էր այն մասին, որ այս տարի Իսրայելը սպասում է ավելի շատ հայրենադարձներ, քան նախորդ տարիներին: Սա ընդամենը նախարարի ցանկությունն ու հորդորն էր հրեաներին, որպեսզի ավելի շատ վերադառնան հայրենիք:

Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ՝ ճշտելու համար՝ արդյոք հրեաների զանգվածային արտահոսք կա ՌԴ-ից: Տիկին Վարժապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի. « Նախարարն ընդամենը հայտարարություն է արել, որ սպասվում է հրեաների ավելի մեծ ներգաղթ դեպի Իսրայել, բայց դա չի նշանակում, որ այս տարի ավելի շատ մարդ է գնացել Իսրայել»:

Մեր հարցին, թե հնարավոր է ինչ-որ տնտեսական կամ այլ վտանգ կա ՌԴ-ում, տիկին Վարժապետյանը պատասխանեց, որ հրեաներին ամեն տեղ բոլորը փորձում են կապել իրենց խնդիրների հետ, նույնն էլ այս դեպքում է. «Բնական է: Այսօր Ուկրաինան և ՌԴ-ն քաղաքական խնդիրներ ունեն և բնականաբար պետք է ամեն ինչ օգտագործեն միմյանց դեմ և իհարկե, ինչպես բոլորը, օգտագործեն հրեաների անունը: Ես չունեմ որևէ տեղեկություն, որ վտանգ կա ՌԴ-ում, կարծում եմ՝ դրանք սին խոսակցություններ են: Ուկրաինայից հրեաների հոսք, իհարկե կա՝ թե դեպի ՌԴ, թե Իսրայել, թե Հայաստան, սակայն չունեմ տեղեկություն, որ ՌԴ-ից հրեաները փախչում են: Նման բան չեմ լսել, և կարծում եմ՝ չկա էլ նման բան»:

Ի դեպ նշենք, որ միայն այսօր` հուլիսի 14-ին,  Հյուսիսային Ամերիկայից Իսրայել է գնացել221 հրեա՝ այդ թվում 95 երեխա, ինչը բնական է, քանզի Իսրայելը միշտ էլ վարում է հայրենադարձությունը խթանող քաղաքականություն, ուստի հրեաների ներգաղթը դեպի Իսրայել ինչ չափով էլ լինի, առաջին հերթին կապված է հայրենադարձությունը խթանելու հետ:

Հիշեցնենք նաև, որ հրեաների զանգվածային արտագաղթի մասին լուրը տարածել էին հիմնականում ուկրաինական ԶԼՄ-ները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել