Կարևորը հոդվածի վերտառության մեջ «այսպես կոչված» բառերն են, քանի որ նախագիծը որևէ դրույթ չի պարունակում ֆեյքերի գրառումների մասին։ Նախագիծն այն մասին է, թե արդյոք վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանության համար, որը կատարել է օգտատերը, պետք է լրատվամիջոցի դեմ դիմել միանգամից դատարան (ինչը ՄԻԵԴ-ը համարում է օրինաչափ), թե նախ դիմել լրատվամիջոցին, ապա՝ դատարան։ Նախագծով նախատեսվող կարգավորումն ավելի մեղմ է։ Ի դեպ, հատկանշական մի փաստ պետք է նկատի ունենալ. կարգավորում չունենալը որևէ լրատվամիջոցի չի կարող ազատել պատասխանատվությունից, քանի որ ներպետական դատարանը պետք է հաշվի առնի ՄԻԵԴ որոշումը։ Սակայն, ունենալ կարգավորում, թե՝ ոչ, մեծապես կախված կլինի լրատվամիջոցների մոտեցումից, ի վերջո նրանց կամքին հակառակ թեկուզև իրենց համար շահեկան լուծում չի տրվի։
Ինչ վերաբերում է ֆեյքերին, ապա առիթներ ունեցել եմ նշելու, որ նրանց վիրավորական ու զրպարտչական մեկնաբանությունների համար լրատվամիջոցը համարվում է պատասխանատու գործող օրենսդրությամբ։ Պարզապես խնդիրն այն է, որ լրատվամիջոցը պետք է օրենքի ուժով համարվի պատշաճ պատասխանող։ Խմբագիրներն այդպիսիք չեն համարվում։ Ի դեպ, այս առումով վերջին որոշումը՝ «Լիլիթ Հովհաննիսյանն ընդդեմ Բլոգնյուզի», վերահաստատում է այս մոտեցումը։ 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել