Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:
Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:
Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ,
Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ուժեր խնդրեցի,
Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Իմաստություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Արիություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Սեր խնդրեցի,
Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Բարիքներ խնդրեցի,
Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:

Հեղինակ` Տ.Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել