Hetq.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ, նույն տրամաչափի 1 գնդակ և գնդակի բեկորներ:

Բժշկական կենտրոնում  Վ.Ասոյանի դիակի զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել