Մի քանի օր առաջ Մուշում էի: Մուշի Քալե (Բերդ) թաղում լայնածավալ շինարարություն էր: Ժամանակին այն Մուշ քաղաքի հայկական թաղն էր՝ իր պատմական հայկական տներով, որոնք, ցավոք, այլևս գոյություն չունեն: Հայկական տների փոխարեն այստեղ հիմա բազմահարկ շենքեր են կառուցում: Այս տրամաբանության շրջանակներում չի բացառվում, որ ոչնչացվի նույն թաղի գրեթե կենտրոնում կառուցված Սբ Մարինե հայկական եկեղեցին, որն այժմ ավերակների է վերածված: Մշեցիների համար մեծ կարևորություն ներկայացրած եկեղեցին երբեմնի հայկական քաղաքի տարածքի՝ մեր օրեր հասած միակ հայկական եկեղեցին է, որ կիսավեր վիճակում գտնվելով հանդերձ մյուսների պես վերջնական չի ոչնչացվել: 

Նշեմ, որ Քալե թաղամասում Ցեղասպանությունից հետո մնացել էր 500-ից ավել հայկական տներ, որոնց զգալի մասն էլ նախորդ տարիներին ապամոնտաժվել են: 2014-ին հասարակական ճնշման արդյունքում ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր (արդեն ոչնչացվել էր հայկական տների 80 տոկոսը), սակայն ինչպես սեփական աչքով համոզվեցի, այս տարի շինարարական աշխատանքները նոր թափով են սկսվել և արդեն ուշ է՝ Մուշում վերացվել է ևս մեկ հայկական հետք: 
Այժմ անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել Սբ Մարինեն եկեղեցին վերջնական կործանումից փրկելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել