Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հարցազրույցնեին, որոնք հրապարակվում են www.lragir.am կայքէջում: Աղասու հարցազրույզներն առանձնանում են նախևառաջ իրենց թարմությամբ, անկաշկանդությամբ և մտածողության արդիականությամբ: Կոտորակելով Աղասու մտքի փիլիսոփայությունը, իսկ հայտնի ազգագրագետը խոսում է նաև այն մասին, որ էսօրվա մեր քաղաքական օրակարգն իրականում կեղծ է, մտածում եմ, որ ճիշտ չեն, ազնիվ չեն իմ գործընկեր այն գործիչները կամ լրագրողները, ովքեր մերօրյա հայաստանյան քաղաքական պայքարը հանգեցնում են տարբեր կուսակցությունների, միավորումների կամ առավել ևս գաղափարախոսությունների միջև մղվող պայքարի: Սա իրականում կեղծ է, ինչպես ակնարկում է Աղասի Թադևոսյանը: Պարզապես, այսօր ոչ բոլոր դեպքերում, կամ ոչ բոլորին է ձեռնտու ասել, բարձրաձայնել այն պարզ ճշմարտությունը, որ իրականում, հասարակության ներսում ընթանում է, շարունակվում է լրիվ այլ, եթե կուզեք՝ խորքային, հարատև ու անվերջ մի պայքար՝ պայքար մարդկանց տեսակների միջև. մի կողմից այն մարդկանց, ովքեր պետությունն իրականում համարել ու համարում են ՍՊԸ, իսկ իրենց էլ խոշոր, օժտված, հմուտ ու արժանի բաժնետեր՝ թալանի ու ուրիշների արյան գնով "լավ ապրելու" ցմահ իրավունքով, մյուս կողմից այն մարդկանց, ովքեր կարծում են, որ հայրենասիրությունը, առավել ևս մեր անհանգիստ ու վտանգներով լի օրերում, դա անձնական արժանապատվության հարց է, իսկ իրենց մտավոր կարողությունները՝ միջոց, ծառայելու այդքան տառապանքներ տեսած ու հուսալի ապագայի արժանի մեր մի բուռ Հայրենիքին: Պայքար կաշառակեր ու անկաշառ մարդկանց, պայքար բարոյական ու անբարոյական մարդկանց, վերջիվերջո՝ պայքար անսիրտ ու սրտացավ մարդկանց միջև: 

Ու հիմա, երբ մտորում եմ մեծամասնական ընտրակարգով Նոր Նորքում առաջադրվելու շուրջ և ուսումնասիրում եմ մեր ընտրատարածքում հնարավոր առաջադրումների քարտեզը, ինչի մասին գրում է մամուլը կամ խոսում են մեզ մոտ՝ բակերում, մեկ անգամ ևս հանգում եմ վերը բերված պարզ, բայցև ճշմարիտ մտքին, որ իրական, ստվերային պայքարն այսօր ընթանում է հենց մարդկային տեսակների միջև, այլ ոչ թե քաղաքական ուժերի կամ գաղափարախոսությունների: Հակառակ դեպքում ինչպե՞ս ըմբռնել, հասկանալ ու բացատրել, որ ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Հովհաննես Իգիթյանը, Արամ Մանուկյանը, կամ, թեկուզ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ նրանցից թեկուզ մեկը ստիպված է լինելու գալ ու Նոր Նորքի ընտրողներին բացատրել, համոզել, որ ճիշտ կլինի քվեարկել, ասենք, նախկին զինդատախազ, ազնվության ու անկաշառության բացառիկ, եթե կուզեք, թանգարանային բացառիկ մարմնավորում Գագիկ Ջհանգիրյանի օգտին (եթե, իհարկե, պարոն Ջհանգիրյանն, այնուամենայնիվ, քաջություն դրսևորի առաջադրվել մեր ընտրատարածքում):

Այստեղից էլ ծնվում է այդ պարզ ճշմարտությունը... Աղասին այդ մասին շատ ճիշտ է մտածում...Նոր Նորքի օրինակով, որտեղ ապրում եմ ես, որևէ հակափաստարկ չունեմ: 

Աղջիկներ, շնորհավոր Կանանց տոնը: Երևի, միայն Ձեր գեղեցկությունը կփրկի աշխարհը!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել