Միացյալ Նահանգներից Երևան ժամանած երգչուհի Էռնա Յուզբաշյանը Հայաստանում բարեգործական համերգների շարք է նախատեսում: Նման համերգներ երգչուհին ունեցել է Արցախում, բայց հիմա պլաններում կա այցելել Գյումրի և Վանաձոր: Blognews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ԱՄՆ-ում իր գործունեության, կայանալիք համերգների և դստեր երազանքի մասին:

«Այս համերգների շարքը կլինի իմ բեմական գործունեության ամփոփումը, կլինի նաև ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն լավագույն երգերը, համերգային ծրագրով հանդես կգամ «Յանս» ակումբում, որտեղ ինձ հետ կերգեն մեր մյուս արտիստները, նրանց հետ հանդես կգամ նաև դուետով, մի խոսքով, բավականին հետաքրքիր ծրագիր է սպասվում»:

Համերգի ընթացքում կհնչեն նոր երգեր, որոնք երգչուհին արդեն ձայնագրել է: Այս համերգային նախագծով երգչուհին հանդես կգա նաև Լոս Անջելեսում. «Արտիստի կյանքում պետք է պարտադիր դադար լինի, որ կրկին վերադառնա: Եթե անկեղծ, ես շատ եմ ուզում հանգստանալ, քանի որ չափազանց լարված գրաֆիկով եմ ապրում: ԱՄՆ-ում երգում էի ռեստորաններում և պետք է ասեմ, որ այնտեղ այլ է, և երգիչները բավականին լավ են վարձատրվում»:

Երգչուհին վերջին անգամ Հայաստանում եղել է անցյալ տարվա փետրվարին և նշում է, որ քաղաքն էլ ավելի է գեղեցկացել. «Ես, իհարկե, ձեռքս զարկերակին եմ պահում և միշտ հետևում եմ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Քաղաքական մարդ չեմ, բայց իհարկե կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս: Ես Հայաստանն այնքան շատ եմ սիրում, որ չեմ կարող վատը խոսել, եթե անգամ վատ բան կա»:  

Հայկական էստրադայով Էռնան ևս հետաքրքրվում է և ուրախ է, որ կան բավական տաղանդավոր երիտասարդ արտիստներ. «Ես հայկական հեռուստաալիք չունեմ, բայց համացանցով կարողանում եմ հետևել արտիստների արված աշխատանքներին: Ես հատուկ ուշադրությամբ եմ մոտենում իմ ընկերուհիների՝ Սյուզան Մարգարյանի և Նադեժդա Սարգսյանի դստրերին՝ Սիրուշոյին և Էմմիին, վերջինս ինձ այսպես է սկսել կոչել՝ «իմ լոսանջելեսյան մամա»: Հավանում եմ նաև Մհերին և Էրիկին, նրանք բավականին լավ են տիրապետում իրենց աշխատանքին, բայց չեմ էլ ուզում վիրավորել բոլոր նրանց, ում անունները չեմ նշել»:

Զրույցի վերջում երգչուհու հետ խոսեցինք նաև դստեր մասին, ում հետ, պարզվում է, Էռնան օրը քսանչորս ժամ խոսում է, և դրանք պարզապես երկխոսություններ չեն, երգչուհին ուզում է, որ նա լավ և ինքնուրույն մարդ մեծանա. «Նա մեկ ամսից կլինի տասնութ տարեկան, շատ է ուզում դերասանուհի դառնալ, բայց ես կարծում եմ՝ նա կարող է լավ հաղորդավարուհի լինել: Հուսով եմ՝ երկար կյանք կունենամ, որ դստերս հասցնեմ այն կետին, որին նա է ուզում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել