Ամենակիրթ, ամենաինտելեկտուալ, ամենազարգացած, ամենապերճախոս, ամենափայլուն, ամենազգայուն, ամենահոգատար, ամենախոհեմ, ամենակիրթ, ամենաբարեհամբույր, ամենանրբանկատ, ամենանկատ, ամենափիլիսոփա և ամենագերազանցիկ միլիցիոներ Վալերի Օսիպյանին խնդրում եմ չներքաշել սադրանքների մեջ: Մարդը ոստիկանության սիմվոլն է, նրա հասարակական-հանրային խոհափիլիսոփայական դեմքը, ոստիկանի համազգեստի պատիվը, ժողովրդի անվտանգության երաշխավորը և սուրբ սահմանադրության կիսասուրբ պաշտպանը: Նա միլիցիայի, կարելի է ասել, «ռահվիրան» է, երբեմն ցուցումներ է տալիս իր պաշտելի ժողովրդին ճիշտ կենսաձև վարելու և սեփական կյանքն անվտանգությամբ շահագործելու վերաբերյալ: Մշտապես մտածում է ձեր մասին և ամեն ճիգ գործադրում իր հարուստ փորձը հանուն ժողովրդի և նրա մաս հանդիսացող ոստիկանության կիրառելու համար: Մի՛ խանգարեք մեր այդ մեծ մտածողին կատարել իր գործը, մի՛ շեղեք և առավել ևս մի՛ քննադատեք նրան: Մի՛ ներքաշեք ձեր ապօրինի և ագրեսիվ զրույցների մեջ, իսկ ավելի լավ է՝ մի՛ խլեք նրա թանկարժեք ժամանակն ու ներքին ուժերը՝ ծախսելով դրանք ձեր ճղճիմ ցույցերն ու ապօրինի հավաքները օրենքի և հանրության ընդունելի կանոնների շրջանակներում պահելու համար:
Եղեք օրենքի շրջանակներում: Նստեք տանը և թեյ խմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել