Ս.թ. հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կողմից հրավիրված նիստում որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման մասին, համաձայն որի` 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: 
Ընդունված որոշման համաձայն` 0.38 ԿՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 ԿՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչև 7.00)` 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:
6(10) ԿՎ լարման սպառողների համար ցերեկային նոր սակագինը կկազմի 45.78 դրամ/ԿՎտժ՝ նախկին 38.85 դրամ/ ԿՎտժ-ի փոխարեն, գիշերայինը` 35.78 դրամ/ԿՎտժ՝ 28.85 դրամ/ԿՎտժ-ի փոխարեն:
35 ԿՎ և բարձր լարման պարագայում ցերեկային սակագինը կկազմի 39.78 դրամ/ԿՎտժ՝ 32.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը), գիշերայինը` 35.78 դրամ/ԿՎտժ` 28.85 դրամ/ԿՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար: 
ՀԷՑ-ն առաջարկել էր 1 ԿՎտ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 և 48 դրամ (17 դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար: 
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Էլեկտրաէներգիայի սակագնի նախորդ փոփոխությունը կատարվել է 2014 թվականի ամռանը։ 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. հուլիսի 1-ին կայացած նիստում ընդունել էր որոշում, համաձայն որի` օգոստոսի 1-ից 3.85 դրամով բարձրացվել էր էլեկտրաէներգիայի սակագինը։ 
Հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել ընդունված որոշմանը, ավելին, արդեն մի քանի օր է, ինչ հազարավոր երիտասարդներ իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացրել` պահանջելով չեղյալ հայտարարել ընդունված որոշումը:
Հայտնելով իմ քաղաքացիական համերաշխությունը ներկայացված պահանջի նկատմամբ, միաժամանանակ, որպես փաստաբան, հարկ եմ համարում ստեղծված իրավիճակին անդրադառնալ նաև իրավական տեսանկյունից: Այսպես.
Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` 
1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:
Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:
3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:
Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:
Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:
4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:
Խնդրում եմ ուշադիր ընթերցել մատնանշված հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին: Անգամ դատարանն իրավասու չէ փոփոխելու հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի մեծությունը:
Դատարանն իրավասու է ընդունել միայն հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ…
Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ուժով նշված հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը դասվում է նորմատիվ իրավական ակտերի շարքին՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում: 
Նույն օրենքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:
Համադրելով վերը նշվածը՝ գտնում ենք, որ ստեղծված փակուղային իրավիճակից այս պահին դուրս գալու երկու իրավական ճանապարհ կա. 
1. Ս.թ. օգոստոսի 1-ից հետո 7-օրյա ժամկետում նշված որոշումը բողոքարկվում է դատական կարգով` հաշվի առնելով վերը նշված օրենքի պահանջը։
2.Նշված հանձնաժողովը չեղյալ է ճանաչում իր կողմից ընդունված որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել