Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ երեք օր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ։
Քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց։ Հիմա նա վերադարձել է։

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ Մոսկվայում, գաղտնիության պայմաններում, կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերման խոստում։

Առաջիկայում «Հայացքը» պատրաստվում է հրապարակում ներկայացնել Ծաղկաձորը, ինչպես նաև Սևանը նվաճողների մասին: Թերթը նաև նշում է, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ ջրի գնով հողատարածքներ ձեռք բերել Սևանի ազգային պարկի տարածքում. օրինակ` Ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արկադի Բալայանը, նրա տեղակալ Գագիկ Մազմանյանը: Իսկ Ծաղկաձորում 2005 թ. պետեկամուտների այն ժամանակվա ղեկավար Արմեն Ավետիսյանը 300 000 ԱՄՆ դոլարով Ալբերտ Երիցյանից գնեց Ծաղկաձորի նրա տունը:

«Օրակարգն» անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին և գրել է. «Սերժ Սարգսյանի վիճելի ընտրությունից, մարտի 1-ի ողբերգական դեպքերից և դրան հաջորդած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունից հետո հենց այդ պատճառներով ԱՄՆ-ի կառավարությունը սառեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի համար հաստատված գումարի մի մասը՝ շուրջ 160 միլիոն դոլար նվիրատվությունը, որը պետք է ուղղվեր Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը։ Նախագահության հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց ընդունելության արժանանալ Սպիտակ տանը՝ ի տարբերություն առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի»:

«Հրապարակ». «Կրկին աշխուժացել են խոսակցությունները, թե դեկտեմբերին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նոյեմբերի 11-14-ը Ֆրանսուա Օլանդի հրավերով Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Ֆրանսիա: Ապա` բժշկական ստուգման` նախագահական ընտրություններին ընդառաջ, որովհետև այս անգամ ևս որոշել է միայնակ վարել քարոզարշավը: Ըստ նույն աղբյուրների` նա Հայաստան կվերադառնա Մոսկվայով: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, 10 օր կբացակայի Հայաստանից, ինչն էլ ոմանք գնահատում են որպես առաջիկա ընտրարշավի հետ կապված ավելորդ ինքնավստահության դրսևորում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել