Գյումրի քաղաքում գտնվող Մայր Հայաստան արձանի հարևան տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ըստ նախնական տեղեկությունների` դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր: Դեպքի հետ կապված լուրեր են շրջանառվում, թե ռազմաբազայի ներսում ռուս զինվորների միջև ինչ-որ տարաձայնություններ և անհաշտություններ են եղել, ինչը հանգեցրել է սպանության կատարմանը: 
Հարկ է նշել, որ այս դեպքը համալրում է ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող արատավոր բարքերի պատճառով տեղի ունեցած այլ սպանությունների շարքը:

Դեռևս թարմ է Գյումրիում Պերմյակովի կատարած ոճրագործության հիշողությունը, սակայն, ինչպես երևում է, ռուսական կողմն այս դեպքից հետո ևս դասեր չի քաղել, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ռազմաբազայի ներսում տիրող մթնոլորտի բացասական հետևանքներին:

Հիշեցնենք նաև, որ ռուսական կողմն արդեն որոշում ունի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ամբողջությամբ համալրել պայմանագրային զինծառայողներով: Ռազմաբազայի համալրման հետ մեկտեղ զորամասի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն բարձրացնել զինվորների մարտական պատրաստվածությունը, այլև ձևավորել կարգապահական նոր չափանիշներ և միջանձնային հարաբերությունների նոր մթնոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել