Hetq.am-ը գրում է.

ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։  Հայաստանի Հանրապետության նախագահի անմիջական հսկողության ներքո իրականացվող այս ծրագրի արդյունքում 2016թ. կունենանք տարածաշրջանում եզակի կենտրոն, որտեղ  ոսկրածուծի փոխպատվաստման, ցողունային բջիջների անջատման, ինչպես նաև բաձր դեղաչափային քիմիաթերապիայի իրականացման համար ապահոված կլինեն միջազգային չափորոշներին համապատասխան պայմանները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը`Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Հունիսի 14-ը ողջ աշխարհում նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լայնշտեյների, ով մարդու արյան խմբերի հայտնագործման համար 1930թ. արժանացել է նոբելյան մրցանակի:

Կարևոր է Արյան դոնորի միջազգային օրվա առկայությունը բժշկական օրացույցում: Այն հնարավորություն է ընձեռում հանրության ուշադրությունը բևեռել արյան փոխներարկման, դոնորության և դրա հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ողջունել այն մարդկանց՝ դոնորներին, ովքեր նվիրաբերած արյան միջոցով իրենց լուման են ներդնում մարդկային կյանքեր փրկելու գործում:            

Դոնորությունը ազգային պատվի հարց է և մարդասիրական մեծ քայլ, որը պետք է մշտապես քարոզվի և խրախուսվի: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք գիտակցի կարիքավորներին օժանդակելու գործում իր դերի կարևորությունը:

Հայաստանում ևս ամեն տարի նշվում է Արյան դոնորի միջազգային օրը, որի ընթացքում պատվոգրեր են շնորհվում առավելագույն ակտիվություն ցուցաբերած դոնորներին, ինչպես նաև ներկայացվում ու քննարկվում են վերջին տարվա ընթացքում ունեցած  նվաճումներն ու ձեռքբերումները:

Մեր երկրում տարեցտարի դիտվում է դոնորների քանակի որոշակի աճ, այդ թվում նաև կամավոր դոնորների: Նշենք, որ Հայաստանում արյունը գերազանցապես հավաքագրվում է փոխհատուցվող դոնորներից, որոնց թիվը  2014թ.կազմել է46.6 %, հիվանդի հարազատները՝ 45.1%, կամավոր դոնորների քանակը՝ 8.3%, ի տարբերություն 2013թ., երբ այդ ցուցանիշը կազմելէ 4.3%: Չնայած փոքրիկ առաջընթացին այս ցուցանիշը շարունակում է մնալ ցածր, մինչդեռ աշխարհի գրեթե 60 երկրում արյան հավաքագրումը 100%-ովկատարվում է կամավոր դոնորներից: Նման ցածր ցուցանիշների պատճառը հասարակության շրջանում դոնորության վերաբերյալ տեղեկացվածության անբավարար մակարդակն է, ինչպես նաև սխալ պատկերացումները, վախերն ու անվստահությունը:

Դոնորության գաղափարը, մշակույթը պետք է սերմանել դպրոցական վաղ տարիքից, երբ երեխայի մոտ սկսում է ձևավորվել գիտակցությունն ու աշխարհայացքը: Այդ նպատակով հարկավոր է ուսումնական գործընթացում ընդգրկել սույն թեմայի վերաբերյալ դասընթացներ»,-հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել