Այսօր կներկայացնեմ միայն «Հայկական ժամանակ»-ի ու «Հրապարակ»-ի հոդվածներից:

«Հայկական ժամանակ»
Թերթն անդրադարձել է ծառահատումների դեմ պայքարի շրջանակում ոստիկանության իրականացրած շռնդալից գործողությանը` PR ակցիային: Հղում անելով փայտանյութ տեղափոխող ու բերման ենթարկված վարորդների հարազատների պատմածներին` թերթը նշում է, թե վարորդներից մեկին ոստիկանները մահակով ծեծել են, մեկ ուրիշի գլխին ոտքով հարվածել և բերման ենթարկելիս հաշվի չեն առել փոխադրվող ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ լինել-չլինելը: 

Կառավարությունը բյուջեի նախագծով 5 մլն դրամից ավելի գումար է նախատեսել խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման համար նախատեսված սերմնահեղուկի պահպանման ծախսերը հոգալու համար: Ըստ թերթի՝ խոսքը 350 հազար դոզայի մասին է, որը պահպանվում է դեռևս 1982 թվականից: «Հասկանալի չէ, թե ինչու է կառավարությունը ամեն տարի ջանք թափում այդ սերմնահեղուկը պահպանելու համար: Կառավարության ներկայացուցիչներն էլ են դժվարանում այս հարցին պատասխանել»:

«Բամբիռ» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսը (Բարսեղյան) ասել է, որ գալիք նախագահական ընտրություններ հետ կապված որևէ հույս չունի. «Ճահճի մեջ փոփոխություններ ես չեմ ակնկալում: Ամեն ինչ հավասարաչափ հետույքային է՝ կարելի է ասել, ու ամեն ինչ՝ բալանսի մեջ: Չկա ոչ մի բան, որից կարողանաս կառչել: Ես չեմ կարծում, որ մի մարդու փոփոխությամբ ամբողջ երկիրը՝ մուրացկանից մինչև օլիգարխ, կփոխվի ու կդառնա լավը»:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարը թերթին ասել է, թե նախկին քաղաքապետը քաղաքում է և ակտիվ զբաղված է իր նախատեսած ծրագրերն իրականացնելով, մասնավորապես՝ Ամենափրկիչ եկեղեցու շինարարության հարցերով: Քաղաքի բյուջեի վրա ծանրացած 800 մլն դրամ պարտքի վերաբերյալ էլ Վ. Ղուկասյանի մամուլի քարտուղարը նշել է, թե այդ պարտքն իրական հիմք ունի, և այն պետք է վճարվի ու գրագետ կառավարման դեպքում կարելի է փակել:

«Հրապարակ»

Նոր մանրամասներ են հայտնի դառնում Հովիկ Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան ինքնաթիռային հանդիպման մասին։ Ըստ ականատեսների՝ թռիչքի երեքուկես ժամվա ընթացքում նրանք գրեթե բան չեն պահանջել ուղեկցորդուհիներից, չեն ճաշել, սակայն մերթընդմերթ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքի պայուսակից հանել է իր «այփադը», դրա վրա ինչ-որ բան ցույց տվել Հ. Աբրահամյանին։ Վերջինս նայել-ուսումնասիրել է ցույց տրվածը, գլխով արել, ապա Քոչարյանն այն դրել է պայուսակը, հետո էլի հանել։ Հումորի զգացողությունից ոչ զուրկ ԱԺ պատվիրակության անդամները կատակում էին՝ հնարավոր է երկրորդ նախագահը Տանզանիայում արած իր որսի նոր նկարներն էր ցույց տալիս Հ. Աբրահամյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել