Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, սակայն բոլոր հնարավորությունները չէ, որ օգտագործում է: Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ չպետք է հաշվի առնել նաև որոշակի մանրուքներ, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ տուրիզմի քաղաքակիրթ զարգացման տեսանկյունից:

Այդպիսի մանրուքների շարքում օրինակի համար կարելի է նշել առողջարանային գոտիներում խայթող միջատների և մասնավորապես մոծակների մեծ քանակությունը: Մյուս կողմից խայթող միջատների մեծ քանակությունը վտանգավոր է ինչպես հիվանդությունների հարուցիչների տարածման տեսանկյունից, այնպես էլ սննդի անվտանգության ապահովման առումով: Բացի այդ ոչ մի արտասահմանցի տուրիստ ևս մեկ անգամ չի այցելի այն տուրիստական քաղաք, որտեղից իր հիմնական տպավորությունները կկազմեն միջատներից ստացած խայթոցները, նույնիսկ եթե չհաշվենք, որ այցելուների որոշ մասն կարող է անգամ ալերգիկ լինել:

Նույնը հատկապես վերաբերում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր այցելում են առողջարանային քաղաք կամ կենտրոն:

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված 15 մլն դրամի տրամադրումը առողջարանային կարևոր կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքում խայթող միջատների դեմ պայքարի համար, որը կարող է թույլ տալ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել խայթող միջատների բարձր մակարդակի վնասակար ազդեցությունը մեղմելու համար:

Նշենք, որ նմանատիպ միջացառումների իրականացման կարիք կա նաև Հայաստանի մյուս տուրիստական քաղաքներում և կենտրոններում:

Հասկանալի է, որ նախաձեռնությունը որոշ հասարակական շրջանակներում միանշանակ ըմբռնում չի գտնում: Սակայն այստեղ խնդիրն այլ է. այն վերաբերում է խայթող միջատների դեմ պայքարի համար հատկացված գումարների արդյունավետ օգտագործմանը:

Հաշվի առնելով, որ մի քանի տարի առաջ եղած փորձը ցույց է տվել, որ տրամադրված միջոցները արդյունավետ չեն օգտագործվել, ապա գլխավոր շեշտը պետք է դրվի նրա վրա, որ խայթող միջատների դեմ պայքարի համար հատկացված գումարները առավելապես պետք է ծառայեն իրենց նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել