Hraparak.am-ը գրում է.

Արարատի մարզի Արմաշ գյուղում դժգոհության ալիք է բարձրացել: Մեր տեղեկություններով, Արմաշ գյուղի հայտնի ալրաղացում, որն սպասարկում է մոտ 5 տասնյակ գյուղերի բնակիչների, կամայականորեն բարձրացրել են ցորենն աղալու գները, ինչն ընդվզման պատճառ է դարձել: Դեռեւս նախորդ աշնանը ալրաղացի տերը 1 տ ցորենն աղալու համար 11 հազար դրամ նախկին գինը դարձրել էր 16 հազար: Տեսնելով, որ ամեն դեպքում հաճախորդների հոսքը չի դադարում, նա որոշել է նորից բարձրացնել գները՝ 1 տ ցորենի դիմաց պահանջելով 24 հազար դրամ:

Այն գյուղացիները, որոնք ցորենը պարկերով շարել էին պահեստում ու սպասում էին իրենց հերթին, տհաճ անակնկալի են եկել, երբ իրենցից 24 հազար դրամ են պահանջել: Ոմանք պարկերով ցորենը նորից դրել են ուսներին եւ ստիպված գնացել Արտաշատ, քանի որ տարածքում ուրիշ ալրաղաց չկա: Իսկ երբ ալրաղացի սեփականատիրոջը հարցրել են, թե ինչու պետք է 24 հազար վճարեն, նա ոչ մի հոդաբաշխ պատասխան չի տվել։

Արմաշցիները հույս ունեն, որ սահմանադրական փոփոխությունների ֆոնին, երբ մարզի պատգամավորները «լայաղ կանեն» հիշել իրենց օրենսդիր կարգած բնակիչներին եւ կժամանեն հանդիպումների, իրենք կբարձրացնեն այս խնդիրը, իսկ մարզային իշխանությունների հետ նրանք վաղուց հույսեր չեն կապում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել