Վարչապետ Աբրահամյանն այսօր՝ նաիրիտցիների հետ կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ մինչև հուլիսի 15-ն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհայթայթվեն՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձերի պարտքն ամբողջությամբ մարելու համար:

Երկրորդ կարևոր հարցը, որը հուզում էր նաիրիտցիներին, «Նաիրիտ»-ում դեռևս աշխատող այն մարդկանց ճակատագիրն է (մոտ 500), ովքեր շարունակում են ծառայություն մատուցել գործարանին, ապահովում օբյեկտի անվտանգությունը: Վարչապետը հայտարարեց, որ շարունակելու են վճարել վերջիններիս աշխատավարձները:

Երրորդ՝ նաիրտցիները մտահոգություններ ունեին Համաշխարհային բանկի կողմից գործարանում իրականացրած ուսումնասիրություններից, քանի որ նաիրիտցիների համոզմամբ՝ միջազգային փորձագետները գործարանի վերագործարկման համար հեռանկարներ չեն տեսնում, ինչի հետ իրենք համաձայն չեն:

Ի պատասխան վարչապետը նշեց, որ «Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա՝ կյանքի կոչմանը»:

Բնական է, որ կառավարությունը պետք է շահագրգռվածություն ցուցաբերի, քանի որ դա ոչ միայն քիմիական արդյունաբերության զարգացմանը կբերի՝ լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու բյուջեին, այլ մի քանի հազար աշխատատեղեր կապահովի:

Այլ բան է, որ պետք է գտնվեն ներդրողներ, ովքեր կհամաձայնվեն հսկայական ներդրումներ կատարել Նաիրիտում, իսկ կառավարությունը խոստանում է, որ ամեն ինչով կաջակցի վերագործարկման գործընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել