Hetq.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն (ՀՀ ԱՎԾ) անցել է Հայաստանում օտարերկրյա ներդրումները հաշվարկելու նոր մեթոդաբանությանը, որին «Հետքն» անդրադարձել է ավելի վաղ։ Հրապարակվել են այս տարվա առաջին եռամսյակի տվյալները։

Նախ, մինչև դրանց անցնելը, մի քանի խոսք նոր մեթոդաբանության մասին։ Տվյալները ԱՎԾ-ն արդեն ներկայացնում է այսպես՝ «իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները»։ Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:  Դրանց ընդհանուր ցուցանիշը ներկայացվում է որպես «ընդամենը ներդրումներ»։  ԱՎԾ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):  Այսինքն՝ ուղղակի ներդրումների ծավալը ներառվում է ընդամենը ներդրումների ծավալի մեջ։ Ընդամենը ներդրումների կողքին գրված է՝ «որից` ուղղակի ներդրումներ» ու առանձին ներկայացվում է ուղղակի ներդրումների ծավալը, որը ներառվում է ընդհանուրի մեջ։ Բայց իսկական գլուխկոտրուկ է առաջանում, երբ տեսնում ենք, որ 2014-ի առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների ծավալն ավելի մեծ է եղել, քան ընդամենը ներդրումներինը։ Իսկ այս տարի հակառակն է։ Բայց էլի որոշ երկրների դեպքում ուղղակի ներդրումները գերազացում են ընդամենը ներդրումների ծավալը։ Իհարկե, այստեղ մեթոդաբանական նրբություններ կան, բայց ԱՎԾ-ի հրապարակման մեջ դրանց մասին չի խոսվում։ «Հետքն» այդ մասին հարցում է ուղարկել վիճծառայությանը և մինչ դրա պատասխանը ստանալը, կհիմնվենք օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրության վրա, որոնց ցուցանիշները ԱՎԾ-ն հստակ ներկայացրել է՝ ըստ երկրների։ Իսկ ընդամենը ներդրումների մասին կխոսենք վիճծառայության պարզաբանումից հետո։

Այսպիսով, ըստ ԱՎԾ-ի նոր հրապարակման՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 60.17 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 35.29 մլրդ դրամ:  Վիճծառայությունն առայժմ ներկայացրել է միայն նախորդ տարվա հետ համեմատական տվյալները։ 2014-ի առաջին եռամսյակի համեմատ, օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալն աճել է   858 մլն դրամով, բայց միայն ուղղակի ներդրումներինը՝ նվազել 34.32 մլրդ դրամով։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նվազել են մոտ երկու անգամ (49.3%-ով)։ Սա, եթե չասենք հիասթափեցնող, ապա՝ ոչ հեռանակարային և ոչ մի դրական բան չխոստացող ցուցանիշ է։ Առհասարակ, եթե նվազել են օտարկերյա ուղղակի ներդրումները, դա առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը՝ որպես ներդրումային երկիր, գնալով պակաս գրավիչ և նպաստավոր է դառնում օտարերկրյա ներդրողների համար։ Օտարեկրյա ուղղակի ներդրումների մասով անկում ենք ունեցել նաև 2013  թվականին (տարեկան նվազումը ՝ 52.2%-ով)։ Որպեսզի երկրում օտարեկրյա ուղղակի ներդրումներն ավելանան, հարկավոր է, որ այդ երկրի կառավարությունն ապահովի տնտեսական ուժեղ մրցակցություն, մենաշնորհների վերացում, բացառությամբ՝ բնական մենաշնորհների, օրենսդրական դաշտի  թերությունների  նվազեցում։ Ներդրողը պետք է հասկանա, որ ներդրում կատարելով ռիսկի չի ենթարկում իր կապիտալը և որ այդ երկրում այն  պաշտպանված է։ Եթե Հայաստանում օտարեկրյա ուղղակի ներդրումները պակասել են, նշանակում է վերը թվարկածները գործոնների ուղղությամբ, մեղմ ասած,  թերացումներ կան։  Այն հույսերը, թե  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ներդրումային միջավայրը կբարելավվի, դեռևս ոչ մի կերպ չեն արադարանում։

Կտրուկ նվազել են Ռուսաստանից Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները

Այս տարվա առաջին երեք ամսում դեպի Հայաստան  առավել մեծ ծավալի ներդրումներ են հոսել Ռուսաստանից։ Ընդամենը ներդրումները կազմել են 13.38 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 16.87 մլրդ դրամ։ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից Հայաստան ուղղակի ներդրումները նվազել են մոտ 32.8 մլրդ դրամով։

Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով նշված ժամանակահատվածում Ռուսաստանին հաջորդում են Գերմանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Կիպրոսը և Սեյշելները։

Աճել են Ֆրանսիայից, Կիպրոսից և Սեյշելներից կատարված ներդրումները։ Մասնավորապես, Ֆրանսիան կատարել է 4.71 մլրդ դրամի ուղղակի ներդրում (աճը՝ 3.58 մլրդ դրամ)։ Հատկանշական է, որ 2014-ի առաջին, ըստ ԱՎԾ-ի նոր հաշվարկների, Հայաստանում Կիպրոսից հոսած օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են  -692.1 մլն դրամ ու այս տարի ավելացել են 1.92 մլրդ դրամով՝ կազմելով 1.23 մլրդ դրամ։  Իսկ Սեյշելներից կատարված ուղղակի ներդրումներն ավելացել են 1.15 մլրդ դրամով՝ կազմելով հենց 1.15 մլրդ դրամ։

Պակասել են Գերմանիայից հոսած ուղղակի ներդրումները՝ այս տարի կազմելով 5.66 մլրդ դրամ (նվազումը՝ 1.18 մլրդ դրամ)։  Իռլանդիայից կատարված ուղղակի ներդրումները կազմել են 2.49 մլրդ դրամ՝ նվազելով 1.52 մլրդ դրամով։

Մնցած երկրներից այս տարի Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների ծավալը ամենաշատը եղել է Միացյալ Թագավորությանը՝  752.3 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 9 մլրդ դրամով։

Մնացած երկրների դեպքում ցուցանիշները համեմատաբար փոքր են։

Միայն հավելենք, որ ընդամենը ներդրումների ծավալով Արգենտինան, Լյուքսեմբուրգը, ԱՄԷ-ն, Նիդերլանդները, Վիրջինյան կղզիները, Շվեյցարիան առաջին տասնյակում են, բայց նրանց ցուցանիշներին, ինչպես նշեցինք, կանդրադառնանք ԱՎԾ-ի պատասխանից հետո։

Ուղղակի ներդրումների գերակշիռ մասն ուղղվել են երկու ոլորտ

Այս տարվա առաջին եռամսյակում  Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների հիմնականում ուղղվել են.

  • հիմնային մետաղների արտադրության ոլորտ՝ 16.13 մլրդ դրամ (ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 45.71%-ը)։ Ներդրողներն են Գերմանիան, Կիպրոսը, Ռուսաստանը։
  • էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման՝ 15.98 մլրդ դրամ (45.29 %-ը)։ Ներդրողը Ռուսաստանն է։
  • հեռահաղորդակցության՝ 3.11 մլրդ դրամ (8.84 %-ը)։ Ներդրողներն են Սեյշելները, Ֆրանսիան ու Ռուսաստանը։
  • խմիչքների արտադրության` 3 մլրդ դրամ (8.6 %-ը)։ Ներդրողներն են Ֆրանսիան, Լյուքսեմբուրգն ու Միացյալ Թագավորությունը։
  • տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ՝ 2.62 մլրդ դրամ (7.43 %-ը)։ Ներդրողը Իռլանդիան է։
  • ջրային տնտեսություն՝ 1.6 մլրդ դրամ (4.56 %-ը)։ Ներդրողը Ֆրանսիան է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել