Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: «Քաղաքացիական պայմանագիրը», որը մարդկանց հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժ, ևս համալրեց Հայաստանում գործող մի քանի տասնյակ կուսակցությունների շարքը:

Ելույթ ունենալով իր կուսակցության հիմնադիր համագումարին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը հավակնում է մասնակցել պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ժողովրդի անունից ստանձնել ՀՀ պետական իշխանությունը, այնուհետև հավելել, որ իրենց կուսակցությունը կատարելու է մեր քաղաքական դաշտում մինչ այդ գոյություն չունեցող ինստիտուցիոնալ ընդդիմության դերը:

Փաստորեն ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնային նպատակն է համարվում ընտրություններին պատշաճ պատրաստվելը և ժողովրդի վստահության քվեի ստանալը: Հասկանալի է, որ այսպիսի որոշում ընդունելուց առաջ դժվար թե հաշվի առնված չլինի առաջիկա քաղաքական զարգացումները՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների իրականացումը, որոնց կյանքի կոչման արդյունքում երկիրն անցում կկատարի դեպի խորհրդարանական կառավարման ձև:

Մյուս կողմից նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, որ իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժը տարբերվում է մյուս կուսակցություններից իր դեմոկրատական սկզբունքներով, որոնք են կուսակցության մեջ «սուպերլիդերի» բացակայությունը, բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանավեճերի ընթացքում, կուսակցության գաղափարախոսության մեջ իզմ-երի բացակայությունը:

Կարելի է կարծել, որ իր կուսակցության մեջ «սուպերլիդերի» բացակայությունն ի ցույց դնելու համար է, որ կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Համենայն դեպս, ինչքան էլ Նիկոլը ցույց տա, որ իր կուսակցության մեջ չկա լիդեր, այնուամենայնիվ, բոլորին է հայտնի, որ կուսակցությունը ձևավորվել է Նիկոլի շուրջ:

Կասկած չկա, որ Նիկոլը նոր քաղաքական պայքարի էջ է բացում իր համար, իսկ թե որքան արդյունավետ կլինի այդ պայքարը, ցույց կտան առաջիկա զարգացումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել