Ըստ իս՝ երեխայի դաստիարակության ամենակարևոր գործոնը, երեխայի ազատությունը չսահմանափակելով, կյանքին ադապտացնելու արվեստն է: Ցավոք մենք՝ հայ ծնողներս, սեփական զավակների մեջ տեսնում ենք ինքներս մեզ ու սկսում ենք ապրել երեխայի փոխարեն: Մենք ենք որոշում, թե որտեղ սովորի և ինչ մասնագետ դառնա: Հայտնի ասացվածքը՝ «պետք է սովորել ուրիշի սխալների վրա…», իր բացասական հետքն է թողնում մարդու ճակատագրի վրա: Ծնողն ամեն գնով փորձում է զերծ պահել երեխային այն սխալներից, որոնք ժամանակին ինքն է գործել (զավակին ստիպում է ընտրել այն ուղին, որը, ըստ ծնողի, ապահով կյանք է խոստանում)՝ չգիտակցելով, որ կյանքի փորձ ստանալու համար մարդն ինքը պետք է գործի սեփական սխալները: Ծնողն առաջնորդվում է էգոիստական սիրով, ինչը ջերմոցային պայմաններ է ստեղծում երեխայի համար:
Սիրելի՛ ծնողներ, մի՛ ապրեք ձեր երեխայի փոխարեն, մի՛ զրկեք ձեր երեխային սեփական սխալները գործելու իրավունքից: Թող երեխան կռվի, հաշտվի, ընկերներ ձեռք բերի, երազի, սիրի ու սխալվի, հիասթափվի, մի խոսքով ապրի: Թող ձեր երեխան մեծանալով դառնա թիվ մեկը, իսկ թե որ բնագավառում կդառնա առաջինը, իրենից լավ ոչ ոք չի որոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել